Երեխան երկու տարեկանի շեմն անցել է, մոտենում է երեքին, բայց դեռ խոսքը չի զարգացել, հատուկենտ բառեր է ասում, կամ բառեր չի էլ ասում: Այս դեպքում մինչև ե՞րբ սպասեն ծնողները, ե՞րբ սկսեն անհանգստանալ երեխայի խոսքի զարգացման խնդիրներով և դիմեն լոգոպեդի:
Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի, հատուկ կրթության ֆակուլտետի, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի լոգոպեդ Մերի Շաբոյանին փոխանցեց ծնողների կողմից մեզ ուղղված մի շարք մտահոգություններ: Խոսքի զարգացման ուշացման և այն հարցի մասին, թե ո՞ր տարիքից սկսած պետք է ծնողներն անհանգստանան, որ իրենց երեխայի մոտ խոսքը չի զարգանում, լոգոպեդն ասաց. «Ծնողը ոչ միայն պետք է անհանգստանա այն դեպքում, երբ երեխան 2-3 տարեկան է ու չի խոսում, այլ հենց այն ժամանակ, որ երեխան, օրինակ, երկու-երեք ամսական է, բայց չի գղզղգում, դրան հաջորդում է թոթովանքի փուլը, նա չի թոթովում»:
Երեխայի՝ խոսքի զարգացման ուշացման պատճառները ըստ Մերի Շաբոյանի՝ կարող են լինել սոցիալական, կենսաբանական: Օրինակ՝ պատճառներից կարող է լինել այն, որ ծնողը երեխային հինգ-վեց ամսականից նստեցնում է հեռուստացույցի դիմաց, ու ինքը զբաղվում է իր գործերով: Դրա պատճառով երեխայի կապը ծնողի հետ կտրվում է, կարող է առաջանալ խոսքի զարգացման հապաղում կամ այլ խնդիրներ: Այս առիթով Մերի Շաբոյանն ասաց. «Գոյություն ունեն խոսքի զարգացման ճգնաժամային տարիքներ: Օրինակ՝ մեկ տարեկանի փուլը, երբ խոսքի նախադրյալներն են դրվում: Հիմնական շարժիչ ուժը մեծահասակների հետ շփումն է, և խոսքի զարգացման համար կարևոր է շփումը մեծահասակի հետ: Ճգնաժամային է նաև երեքից հինգ տարեկանի փուլը, երբ ամեն բացասական գործոն կարող է անդրադառնալ երեխայի խոսքի զարգացման վրա: Օրինակ՝ կակազելու առումով 2-5 տարեկանն ամենախոցելին է, և ամենաանբարենպաստ պայմաններում կարող է երեխայի մոտ կակազություն առաջանալ: 6-7 տարեկանն էլ է ճգնաժամային տարիք: Երբ երեխան գնում է դպրոց, նրա մոտ օրվա ռեժիմի ծանրաբեռնվածությունն է փոխվում, կենտրոնական նյարդային համակարգի վրա գերծանրաբեռնվածություն է առաջանում, որը երեխայի համար ճգնաժամային է»:
Կարդացեք նաև
Լոգոպեդը հորդորում է ծնողներին չսպասել, այլ դիմել մասնագետի, որպեսզի նա հետազոտի և նրանց արդեն ասի՝ արդյոք կարիք կա՞ միջամտության, թե՞ ոչ: Նա մանրամասնեց. «Կարող է խնդիր լինել հոգեբանի, նյարդաբանի դիմելու: Կարող է թիմային աշխատանքի կարիք լինել: Իհարկե, երկու տարեկանից հետո երեխայի մոտ խոսքի ձևավորման ուշացման դեպքում անհանգստանալ պետք է: Կարող է կարիք լինել նաև լսողության ստուգման: Պարտադիր պետք է դիմել մասնագետի, որ նա հետազոտի և ճիշտ խորհրդատվություն տա՝ արդյոք պե՞տք է անհանգստանալ, թե՞ ոչ»:
Լոգեպեդն ասաց՝ հիմա ավելի շատ են ծնողները սկսել դիմել իրենց, նաև պատճառն այն է, որ մայրիկներն ավելի տեղեկացված են, ավելի վաղ են դիմում մասնագետի:
Ծնողներին նաև անհանգստացնում է երեխաների մոտ կակազության երևույթները, հատկապես կարանտինային օրերից և պատերազմից հետո: Մերի Շաբոյանը փաստեց՝ կակազությունը խոսքի այն խանգարումներից մեկն է, որը կարող է սթրեսի պատճառով առաջանալ: Նա հորդորեց հաշվի առնել նաև ժառանգականության գործոնը: Միևնույն ժամանակ շեշտեց. «Սթրեսը, վախը կակազության առաջացման պատճառներից են: Երեխան սթրեսի, վախի պատճառով կարող է ունենալ կակազություն: Այս օրերին շատ զինվորներ կան, որ վախի պատճառով նրանց մոտ էլ է կակազություն առաջացել: Մենք աշխատում ենք նրանց հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ