ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին նամակ է փոխանցել, որով փորձում է պարզել քաղաքապետի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Այսօր Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով կոմիտեի ներկայացուցիչներն ու մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են արել քաղաքապետարանի շենքի մոտ։
Կոմիտեի ներկայացուցիչն ընթերցել է նամակը, որում նշված էր, որ քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը տաս ամիս է ընդհատակ էր անցել, արձակուրդ գնացել եւ քաղաքային խնդիրները բարձիթողի վիճակում են, քաղաքապետը ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել կորոնավիրուսի համավարակի տարածումը դանդաղեցնելու համար, խուսափել է պատասխանատվությունից՝ արձակուրդներ գնալով եւ թաքստոց մտնելով։
Ցույցի կազմակերպիչները Հայկ Մարությանին առաջարկել են միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, իսկ հակառակ դեպքում նա կկիսի վարչապետի հետ պատասխանատվությունն ու հայրենադավության խարանը։
«Պարտավոր ենք իմանալ նրա տեսակետը, թե ինչ է մտածում իրավիճակի մասին, նա 80% քվե է ստացել, եւ երեւանցիները պետք է իմանան նրա տեսակետը, որից հետո կոմիտեն իր քայլերի մասին կհայտարարի եւ շատ սահուն կերպով «Առանց Նիկոլ Հայաստան»-ը կարող է դառնալ «Առանց Հայկ Երեւան»-ի»,-ասաց ցույցի կազմակերպիչը։
Կարդացեք նաև
Նամակը տեղում ընթերցեց քաղաքապետի մամուլի խոսնակը եւ հեռացավ, որից հետո ցույցի կազմակերպիչն ասաց․ «Հայ հասարակության առաջին պառակտիչը եղել է Հայկ Մարությանը, որն առաջինն է ասել սեւեր եւ սպիտակներ, Նիկոլ Փաշինյանն էլ պաշտպանելով նրա թեզը եւ հայերին բաժանելով սեւերի եւ սպիտակների համար մեկ պատասխանատուն է։ Անկախ նրա պատասխանից, ինձ համար Հայկ Մարությանը դավաճան է»։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ