Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում ՀՀ դատախազական համակարգում. ազատման նոր դիմումնե՞ր են սպասվում

Դեկտեմբեր 15,2020 22:07
dataxazutyun

Դատախազական համակարգում տեղաշարժերն ակնհայտ են: Համակարգից դուրս գալու որոշում են կայացրել արդեն երկու դատախազներ:

Այսօր առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ մի շարք դատախազներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել:

Դատախազները պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ, որում, մասնավորապես նշվում է. «Ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին: Մենք մշտապես առաջնորդվել ենք օրենսդրական այն պահանջով, որ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Սակայն այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսեւորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մի մաս ենք կորցրել: Եվ ինչպե՞ս պահպանել քաղաքական չեզոքություն, երբ չեզոք լինելը նշանակում է համակերպվել այս իրողության հետ եւ հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը: Մեծ պատիվ կհամարենք վերադառնալ դատախազության համակարգ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր հայրենիքի այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ եւ համազգային շահերով մտահոգ իշխանություն»:

Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սա որակեց՝ որպես հերթական տեղեկատվական սադրանքի փորձ, որն արվել է ՀՀ դատախազության նկատմամբ. «Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա, դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։

Հետևաբար կրկին կոչ ենք անում դադարեցնել դատախազությանը քաղաքական ուղղորդումների, ազդեցությունների ենթարկելուն միտված նման անիմաստ և անօգուտ փորձերից»:

Մինչդեռ այս հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ համակարգից դուրս գալու որոշում են կայացրել երկու դատախազներ: Աշխատանքից ազատման դիմում է գրել Գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանը:

Tert.am-ի հետ զրույցում նա այս որոշման պատճառների մասին ասել է. «Կարճ ձևակերպեմ՝ ստեղծված իրավիճակի պատճառով»: Armlur.am-ի տեղեկացմամբ՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը:

Նշենք, որ ազատման դիմումներ են պատրաստել նաև այլ դատախազներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031