Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի արժեզրկման պատճառները․ մարդիկ դրամային ավանդները փոխարկում են դոլարի, դոլարային ավանդները ՀՀ-ից դուրս են հանել

Դեկտեմբեր 15,2020 21:21

«Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որոնք ձեւավորվել են տնտեսվարողների շրջանում, տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Դրամի փոխարժեքի տատանումներն, ըստ պարոն Գալստյանի, պայմանավորված չեն տնտեսության մեջ կատարվող գործընթացներով: Նա ասաց, որ որեւէ արտառոց բան չի դիտարկվում տնտեսության իրական հատվածում՝ ներկրում, արտահանում, միջազգային ուղղակի ներդրումներ եւ տրանսֆերտներ․ «Արտահանումն, իհարկե, այս տարի նվազել է, սակայն ներմուծման ծավալներն էլ ավելի են նվազել։ Երբ այն համադրում ենք տրանսֆերտների հետ, որոնց ծավալն անցյալ տարվա համեմատ չի նվազել, ապա լուրջ խնդիրներ չենք տեսնում: Այս առումով դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում»:

ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա այն կրկին նվազել է․ «Չի վերադարձել նախապատերազմական շրջանի մակարդակին, բայց բավականին նվազել է: Սրա մասին դատում ենք միջազգային գործընկերների արձագանքներից»։ ԿԲ նախագահի խոսքով՝ դրամի արժեզրկումը՝ այսօրվա դրությամբ փոխանակման կետերում մեկ դոլարը 530 դրամ է, պայմանավորված չէ տնտեսության իրական հոսքերով եւ միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարով․ «Սրանք դրական երեւույթներ են եւ պիտի որեւէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան դրամի փոխարժեքի վրա»։

Պարոն Գալստյանն ասաց, որ դրամի փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վրա ձեւավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ եւ ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արտարժութային փոխարկումները․ «Մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների փոփոխություն հօգուտ արտարժույթի: Դոլարի նկատմամբ պահանջարկն աճել է, որն էլ բնականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»։

ԿԲ-ն շարունակելու է առեւտրային բանկերին տրամադրել դրամային, եւ արտարժութային իրացվելիություն, որպեսզի արտարժութային իրացվելիության որեւէ խնդիր չունենան:

Պարոն Գալստյանի ներկայացմամբ՝ դրամի արժեզրկումը նաեւ նպաստում է սպառողական շուկայում գնաճային զարգացումներին։

ԿԲ նախագահը վստահեցրեց՝ կան տնային տնտեսություններ եւ բիզնեսներ, որոնք դրամի արժեզրկմամբ պայմանավորված վարքագծում փոփոխություն են արել, փորձում են որոշակի բալանսավորում անել դրամային եւ դոլարային ակտիվների միջեւ․ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, որ սկսում են բալանսավորել, խզում են դրամային դեպոզիտները, մեր տնային տնտեսություններն ու բիզնեսները 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով, ինչը չափազանց ցավալի է։ Հասկանում ենք, որ ստեղծված տնտեսական անորոշությունների ներքո դա կարող է բնական թվալ, բայց այդ չստացված շահույթը, կարող էր տնտեսական անկման դեպքում տնային տնտեսություններին հավելյալ եկամտի աղբյուր լիներ։ Ես չգիտեմ՝ քանի ճգնաժամ մենք պիտի անցնենք, որ հասկանանք՝ նման բաներ պետք չէ անել»։

Պարոն Գալստյանն ասաց, որ այս վարքագծով պայմանավորված, հիմնական վնասները, որ եղել են, դա այն դեպքերն են, որ մարդիկ դրամային ավանդները փոխարկել են դոլարայինի, եղել են դոլարային ավանդներ, որոնք ՀՀ-ից դուրս են եկել, մարդիկ գումարը հանել են կամ հանում են եւ նույն բանկում պահատուփում են դնում․ «Վարկերի մասով դուրս գրումների թիվն ավելի է լինելու, ես չեմ կարող ասել, թե՝ որքան, բայց հաստատ 5-7 միլիարդից ավելի բարձր է լինելու»։

Այնուամենայնիվ, ԿԲ-ն հավաստիացնում է՝ իրավիճակին ամբողջությամբ տիրապետում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031