Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հստակ չեմ էլ պատասխանելու». Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին փոխանցված ադրբեջանական փակ ծրարի մասին

Դեկտեմբեր 15,2020 21:12

«Ես հստակ չեմ էլ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: Ես կորոշեմ՝ ե՞րբ, ի՞նչ ծավալով եւ ի՞նչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ հայտարարել էր, որ հինգ միլիարդ դոլարի հայտնի առաջարկը Նիկոլ Փաշինյանին՝ փակ ծրարով, փոխանցվել է այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջոցով:

«Երկու տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, բոլորին թվաց, թե Վանեցյանը «կանգ առ»-ի կոչ է անում իշխանություններին՝ կոռուպցիայի դեմ պայքարով: Այնինչ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես եւ այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկը եղել եմ ես»,- ասաց նա:

Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ ավելի վաղ եւ ավելի հստակ չէր ասում ճշմարտությունը, Արթուր Վանեցյանը խնդրեց՝ թեման չշահարկել, քանի որ ինքը բարձրաձայնել է ամենը եւ որոշակի ԶԼՄ-ներ, ճիշտ չընկալելու պատճառով, խոսել են ամեն ինչի մասին, բացի նրա, ինչ ինքը նկատի է ունեցել: Նա կրկնեց՝ ի պաշտոնե ապահովել է Ադրբեջանի նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, օպերատիվ կապը, ինչի մասին բազմիցս է խոսվել եւ այդ ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում Դուբայ քաղաքում: «Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ մանրամասներ, առավել եւս բովանդակային, հայտնել չի կարող:

Դատախազությունում քրեական գործ է հարուցված՝ պատերազմի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ եւ այդ գործի շրջանակներում ինքը պատրաստ է մասնակցել հարցաքննության:

Իսկ մինչ այդ, հանրահավաքում, իր ելույթում, Արթուր Վանեցյանն ասաց, որ այսօր եւս մեկ անգամ բոլորս ապացուցում ենք, որ արժանապատիվ ազգ ենք, եւ ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը. «Բոլորս միասին հանուն մեր հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի ոչ ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով մեզ բերեցին հասցրեցին այս աղետալի վիճակին»:

Նա վստահեցրեց, որ միասին եւ շատ արագ հեռացնելու ենք Նիկոլ Փաշինյանին, ով «կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից եւ նա պատասխան է տալու հայ ազգին, ես զգուշացնում եմ բոլորիս անունից»:

Արժանապատվության երթը վաղը կմեկնարկի Կրկեսի մոտից, ժամը 17.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031