Եկող տարեսկզբին եւս գնաճ կլինի, բայց թե որ ապրանքները, որքան կթանկանան ԿԲ նախագահը դժվարացավ ասել, նշելով՝ ԿԲ-ն հետեւում է գնաճային միտումներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադառնալով ՀՀ-ում գրանցված գնաճին, ներկայացրեց որոշ ապրանքների միջազգային գները։
Ըստ պարոն Գալստյանի, ցորենի միջազգային գինը նոյեմբերի 1-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 34%-ով, ՌԴ-ում՝ 21%-ով, Վրաստանում՝ 11%-ով։ Մակարոնեղենն ու հացաբուլկեղենը, որոնք, ցորենից, այսպես ասած, ածանցվող ապրանքներն են, որոշակի թանկացել են։
ՌԴ-ում շաքարավազի տարեկան գնաճը 65% է, եւ ինչպես ասաց ԿԲ նախագահը, ՌԴ կառավարությունը համաձայնեցրել է մանրածախ առեւտրով զբաղվող մեծ ցանցերի հետ, որպեսզի որոշակի գնային սահմանափակումներ կատարեն։ ՈՒկրաինայում շաքարավազի գնաճը կազմել է 37%, իսկ արեւածաղկի ձեթը ՌԴ-ում թանկացել է 48%-ով։ «Այսինքն, կան որոշակի ապրանքներ, որոնք, բնականաբար, իրենց ներմուծման ցիկլից կախված կարող են Հայաստանում կարճաժամկետում աճել։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե միջազգային նման գնաճային միտումներ կան, ինչո՞ւ է Հայաստանում գներն այդքան ցածր։ Որովհետեւ գնաճը զամբյուղ է, որտեղ կան բազում ապրանքներ»։
Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների թանկացման շեմին, ապա պարոն Գալստյանն ասաց․«Չգիտեմ, թե որքանով առեւտրի կետերը կկարողանան գների բարձրացման բեռը դնել սպառողների ուսերին, թե՝ կկարողանան ինչ-որ չափով իրենք կկրճատեն իրենց շահույթի մարժան՝ հաշվի առնելով թույլ պահանջարկը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ԿԲ խորհուրդն այսօր որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Ըստ ԿԲ-ի, 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ