Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերոբը շատ ճիշտ է ներկայացնում, այդ օրը նաեւ ես եմ եղել այդ նույն տեղում, այսպես ասած նախագահական բունկերում». Աշոտ Մինասյան

Դեկտեմբեր 15,2020 20:03

 «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը առաջնագծից դրվագներ էր ներկայացրել, թե ինչպես է մեր զինվորների վրա կրակել անգամ մեր հրետանին, ինչպես է Արայիկ Հարությունյանը Ռուստամ Գասպարյանին ու իր զորքին ուղարկել Հադրութ՝ ասելով. «Դուք շարժվում եք հիմա Հադրութ՝ Թութակներ, եւ ես ձեր հետ ուղարկում եմ 60 հոգի սպեցնազ, դուք կմնաք Տող գյուղում, առավոտ ես կգամ ու ձեզ կառաջնորդեմ դիրքեր ու կմշակենք Հադրութը գրավելու պլանը»:

Սակայն ոչ «սպեցնազն» է ուղարկել, ոչ էլ ինքն է գնացել, սեւ հովազցիներին այնքան են պահել Հադրութում, որ թուրքերը իրենց զորքն են տեղավորել. «Հադրութը կարայինք մենք վերցնեինք՝ թույլ չտվեցիք: Ո՞վ էր սրա մեղավորը: Նահանջ տվեցինք»,- պատմել էր Սերոբ Գասպարյանը:

Այս առնչությամբ Aravot.am-ը Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթին» հարցրեց՝ Սերոբ Գասպարյանը բացահայտ փաստական հանգամանքներ է ներկայացնում, դուք առհասարակ Արայիկ Հարությունյանի գործողություններում այդ «դավաճանական ծրագրին» մասնակցությունը տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Ես նախ «Սեւ հովազ» ջոկատի մասին խոսեմ, իմ լավ ընկերոջ՝ Ռուստամի մասին: Ռուստամն իմ լավագույն ընկերներից մեկն է եղել, մեծ վաստակի տեր մարդ ու իր ապրած կյանքով ինքը դա ապացուցել է: Ինքն այն տեսակն էր, որ մարտադաշտ մեկնեց ոչ թե մենակ, այլ պատերազմ է գնում իր որդիների հետ: Ինչպես ես, մենք այդ տեսակն ենք: Իմ խոնարհումը Ռուստամին եւ Ռաֆայելին ու իմ խոնարհումն այդ ընտանիքին, ամբողջ ժողովրդին: Սերոբը շատ ճիշտ է ներկայացնում, այդ օրը նաեւ ես եմ եղել այդ նույն տեղում, այսպես ասած նախագահական բունկերում: Հանդիպում է եղել Ռուստամի հետ, եկել էր հանձնարարություն ստանալու, ի վերջո մենք հանձնարարություն նաեւ ստանում ենք Արցախի հրամանատարությունից: Երբ որ Ռուստամի հետ հանդիպել ենք, ես անգամ Ռուստամին ասել եմ՝ զգույշ կլինես: Մենք բոլորս այդ հանդիպումների ժամանակ մեկս մյուսին օգնելու, խրախուսելու, աջակցելու համար այդ խոսքն ասում ենք: Ինչ վերաբերում է Արայիկի դավաճանությանը, ես չեմ կարող դա հաստատել, կամ հերքել: Միայն մի բան կարող եմ ասել՝ ժամանակը դա կապացուցի, համապատասխան մարմինները կարող են պարզել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031