«Մի հատ խղճուկ, փոքր մարդ՝ խաբելով ամբողջ ժողովրդին եկավ իշխանություն, կործանեց երկիրը, եւ մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ ազնիվ մարդկանցով այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում»,- Ֆրանսիայի հրապարակում կայացած փոքր հանրահավաքի ժամանակ, իր ելույթում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից այսօր կրկին «Արժանապատվության երթ» տեղի ունեցավ: Բողոքի ցույցի կազմակերպիչն էր «Հայրենիքի փրկության շարժում» միավորումը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Սասունցի Դավիթ հրապարակից շարժվում էին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթը ուղեկցում էին բավական շատ թվով ոստիկաններ: Երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում, փոքր հանրահավաքով:
«Պատկերացնո՞ւմ եք, նա ինչ արեց. այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ, ինքը ոչ միայն սպանեց այն 5 հազար հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուրում» թաղված մեր հերոսներին: Ես հիմա պայքարում եմ նաեւ այդ տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն ենք լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ կյանք: Մի փոքր խոչընդոտ կա, դրանից կազատվենք եւ այն ամենը, ինչի համար մենք պայքարում ենք, պիտի իրականացնենք: Հաղթանակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ