«Դու հայ ժողովրդին շարունակելու ես տեսնել ոստիկանական պատնեշի հետեւից: Դու դավաճանել ես մեր ժողովրդին, հետեւաբար, իրավունք չունես ներկայացնելու մեր ժողովրդին»,- կառավարության շենքի մոտ՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից այսօր կրկին «Արժանապատվության երթ» տեղի ունեցավ: Բողոքի ցույցի կազմակերպիչն էր «Հայրենիքի փրկության շարժում» միավորումը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Սասունցի Դավիթ հրապարակից շարժվում էին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Երթը ուղեկցում էին բավական շատ թվով ոստիկաններ: Երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Ցուցարարները բռունցքները վեր բարձրացրեցին: «Նիկոլ, այս բռունցքը սպառնալիք չէ միայն, սա մեր ժողովրդի միասնական բռունցքն է, որով քեզ հեռացնելու է, միավորվելու է բզկտված հայրենիքը կառուցելու համար: Դու այս բռունցքի մեջ տեղ չունես, հեռացիր եւ վերջ»,- շարունակեց Իշխան Սաղաթելյանը:
Կարդացեք նաև
Կառավարության շենքի մոտ ցուցարարներին միացավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ցուցարարները վանկարկեցին՝ «Վազգեն վարչապետ»:
Երթին միացան նաեւ ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Կանադահայ Հրաչ Ջաբրայանն էլ իր ելույթում ասաց. «Տասնամյակներով սփյուռքահայությունն անտարբեր չի եղել հայրենիքի տանջանքներին: Այսօր մեր հայրենիքն ապրում է իր պատմության ամենասեւ էջերից մեկը՝ ի դեմս ազգադավ իշխանության: Մենք՝ արժանապատիվ սփյուռքահայերս, Հայաստանի ներդրողներս, դեմ ենք այս իշխանությանը եւ պահանջում են նրա անմիջական հրաժարականը՝ գլխավորությամբ վարչապետի աթոռից կառչած խրտվիլակ Նիկոլ Փաշինյանի: Մենք պահանջում ենք Զարեհ Սինանյանի հրաժարականը, պահանջում ենք ամբողջ իշխանության հրաժարականը: Մենք պահանջում ենք արժանապատիվ հայրենիք, Արցախ կորցնողը, պայմանավորված պատերազմ կորցնողը, տասնյակ հազարավոր երեխաների մահվան պատճառ դարձողը չի կարող ներկայացնել մեզ միջազգային ատյաններում: Հետեւաբար, պահանջում ենք դավաճանի հրաժարականը: Նիկոլ հեռացիր»:
Ապա Ֆրանսիայի հրապարակում փոքր հանրահավաք տեղի ունեցավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ