Կարինե Գաբրիելյանն իր ընտանիքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղում գտնվող երկրորդ պաշտպանական զորամասից է հասել Իջևան։
Նա այնտեղ ամուսնու և չորս երեխաների հետ էր ապրում, սակայն սեպտեմբերի 27 -ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով, Կարինեն իր տղաների և աղջկա հետ եկել է Իջևան քաղաք։
«Ամուսինս թոշակառու զինվորական է և հիմա կոշկակարությամբ է զբաղվում։ Մարտունիում մեզ տուն էին տրամադրել, որպես զինվորականի ընտանիք։ Ես Մարտունու դպրոցում էի աշխատում, որտեղ երեխաներս դպրոց էին գնում, բայց հիմա դպրոցն ու զորամասը մնացել է թշնամու տիրապետության տակ»։
Կարդացեք նաև
Կարինեի հայրական տունը՝ Կարմիր շուկայի գյուղն է, որն ամբողջ ընտանիքով պաշտպանել են մինչև վերջին վայրկյանը. «Երեք եղբայրներս մինչև վերջ մնացել են գյուղում ու պաշտպանել։ Հիմա Կարմիր շուկայի ամբողջ շրջակայքը գրավել են, իսկ մեր գյուղը չեն կարողացել մտնել։ Հիմա մենակ գյուղն է մնացել մեզ, իսկ շրջակայքի բոլոր անտառները գրավված են»։
Կարինեն պատմում է, որ մեծ տղան առաջին կուրսի ուսանող է Ստեփանակերտի համալսարանում, իսկ աղջիկը սովորում է Մանկավարժականի երրորդ կուրսում։ Կարինեի փոխանցմամբ՝ աղջիկը նորից վերադարձել է Ստեփանակերտ՝ պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված իր սիրելիին հրաժեշտ տալու համար։
Կարինեի երկու անչափահաս երեխաներն այժմ հաճախում են Իջևանի ռուսական թեքմամբ դպրոց, սակայն ընտանիքը նախատեսում է մի քանի շաբաթից վերադառնալ Արցախ.
«Ճիշտ է, տղաներս շատ լավ են զգում իրենց այստեղ և մեծ հաճույքով կմնային։ Հատկապես մեծ տղաս է իրեն ավելի լավ զգում այստեղ, բայց պետք է վերադառնանք, որովհետև հունվարից պետք է ծառայության անցնի, որովհետև արդեն 18 տարեկանը լրացել է։ Իսկ աղջիկս նշանածին կորցնելուց հետո էլ չի ուզում Արցախից հեռանա, ամուսինս էլ է պնդում, որ պարտադիր պետք է Արցախում ապրենք»։
Չնայած թոքի վիրահատությունից հետո ամուսինը հնարավորություն չի ունեցել մասնակցել պատերազմին, սակայն ամբողջ ընթացքում մնացել է Արցախում. «Ամենադժվար հատվածների ամբողջ մարտերին ներկա է եղել՝ Կարմիր շուկայի, դժոխքի ձորի մարտերի ականատես է»։
Զրույցի վերջում Կարինեն ժպիտով ասում է. «Իմացեք, որ Մարտունիում բոլորդ տուն ունեք, որ հանկարծ եկաք Մարտունի, ասեք՝ ավագ ենթասպա կոշկակար Դոլուխանյանի տունը, ու ձեզ ցույց կտան»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ