Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ վիրավորի կյանք փրկեց, նրանց ուղարկեց հոսպիտալ ու զոհվեց դիրքեր բարձրանալիս․ ՇՊՀ-ի ուսանող Լյովայի մասին

Դեկտեմբեր 15,2020 18:55

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարելիս նահատակվել է Շիրակի պետական համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Լյովա Մամիկոնի Հարությունյանը։

Նա ժամկետային զինծառայող էր՝ ծնված 2001 թվականին, տան միակ տղան էր, ունի մեկ քույր։

Լյովա Հարությունյանն անմահացել էր հոկտեմբերի 17-ին։ Դեպքից մեկ օր առաջ էր խոսել տնեցիների հետ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է, հորդորել էր իր մասին չմտածել, բայց հենց այդ ժամանակ էլ եղել է դիրքերում՝ թեժ մարտերի մեջ։ Ընկերոջ հետ հինգ վիրավոր զինվորի կյանք էր փրկել, ուղարկել հոսպիտալ, նորից բարձրացել էր դիրքեր ու հենց այդ ժամանակ էլ զոհվել էր։ Նա ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում գտնվող զորամասում։

Այս մասին Aravot.am-ին պատմեց նրա քույրը՝ Հայկանուշը։ Քույրն ասաց, որ եղբայրը իր ծառայության ընթացքում երբևէ չի դժգոհել, միշտ ուրախ էր, մորը հորդում էր գլուխը բարձր պահել։

«Միշտ մամայիս ասում էր՝ դու հպարտ պիտի ման գաս՝ գլուխդ բարձր պահած, մենք մտածում էինք, որ այս խոսքերը կապված է իր ուսման, լավ սովորելու հետ։ Դպրոցում փայլուն էր սովորում, չկար այդպիսի առարկա, որից ինքը ուժեղ չլիներ։ Մի ժամանակ էլ ֆուտբոլով էր զբաղվում։ Չափից ավել լուրջ էր ու միաժամանակ շատ կատակասեր, շփվող, մեծ ընկերական շրջապատով»,-ասաց քույրը։

Նա նաև նշեց, որ եղբոր մահվան մասին իմացել են ավելի ուշ՝ 25 օր առաջ, մտածել են՝ կապ չկա, հարմար չէ զանգելը։

Համակուրսեցին՝ Վարդիթեր Հովհաննիսյանն էլ ասաց, որ համակուրսեցիները հերոսի հետ շատ կարճ ժամանակ են շփվել․ նա ուսանողական կյանքը կիսատ թողնելով՝ շտապել է իր պարտքը տալ հայրենիքին, սակայն հասցրել են ճանաչել նրա մարդ տեսակը։

«Լուրջ երիտասարդ էր, համեստ, սովորող, զգացվում էր, որ շատ խելացի է, մտածող, մաթեմատիկայի դասերի ժամանակ ուղղակի փայլում էր։ Իրեն հիշում եմ հենց համալսարան գալու առաջին պահից․ ես ու իմ կուրսեցիներից մեկը չէինք կարողանում գտնել լսարանը․ նոր էինք ընդունվել, Լյովան լսարանի դուռը բացեց, հենվեց դռանը ու լայն ժպիտով ասաց՝ երեխեք ջան, ներս եկեք, կադաստրային գործից չե՞ք։ Այդպես մեզ կանչեց առաջին դասին, տարբերվող երիտասարդ էր, այնպիսի տպավորություն ունեմ, որ բոլոր տարբերվող տղաներին Աստված ջոկեց ու տարավ։

Լյովայի մորաքրոջ դուստրը՝ Լիլիան ինձ պատմեց, որ նա կադաստրային գործ բաժին է դիմել, բայց հենց բանակ է գնացել, ասել է՝ պիտի փոխեմ մասնագիտությունս, գնամ Երևան՝ իրավագիտության սովորելու»,-ասաց Վարդիթեր Հովհաննիսյանը։

Հերոսի մահը զգում են բուհում, Շիրակի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում, տեղադրելով նրա լուսանկարը, գրել են․

«Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Լյովա Հարությունյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, Շիրակի պետական համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Լյովա Մամիկոնի Հարությունյանը։

19-ամյա Լյովա Հարությունյանը Գյումրի քաղաքից էր։ Պաշտպանության բանակ էր զորակոչվել համալսարանում 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Լյովա Հարությունյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031