Լրահոս
Օրվա լրահոսը

Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ

Դեկտեմբեր 15,2020 18:45

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մինչ սեպտեմբերի 27-ը եզակի այն ձեւաչափն էր, որտեղ աշխարհաքաղաքական բեւեռային ուժերը համատեղ իրականացնում էին միջնորդական առաքելություն Հարավային Կովկասում։ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը, ԵՄ-ը ներկայացնող Ֆրանսիայի հետ, աշխատում էին տարածաշրջանում շահերի համընկնման կետերի շուրջ համաձայնություններ գոյացնել։

Գլխավոր այս խաղացողների ներգրավվածությունից դժգոհ էին Անկարան եւ Թեհրանը՝ ձեւաչափից եւ քաղաքական առեւտուրներից դուրս մնացած լինելու փաստով։ Պատահական չէր, որ Բաքուն եւ Անկարան ամեն առիթով քննադատում էին ՄԽ-ի ապարդյունությունն ու առաջադրում ձեւաչափի փոփոխություն։ Մինչ Թեհրանը պատեհ առիթը բաց չէր թողում պատրաստակամություն հայտնելու՝ միջնորդի դեր վերցնելու։

Ըստ էության, ՄԽ-ի ձեւաչափի սառեցումը իրականացրեց Մոսկվան։ Մինչեւ պատերազմը քննարկվող փաստաթղթերում կար խաղաղապահ առաքելություն իրականացնելու առաջադրանք։ Խաղաղապահ ուժերի կազմի շուրջ չկար միջազգային համաձայնություն։ Բնականաբար Մոսկվան չեր կարող թույլ տալ, որ իր տիրույթը համարվող տարածքում տեղակայվեին ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի ուժեր, իսկ դրա դիմաց Արեւմուտքը արգելակում էր ռուսական ուժերի ժամանումը Արցախ։

Հիմա որ երկկողմ դիմումով Մոսկվան հրավիրվել է արցախյան տարածք, դա արդեն համազոր է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դուրս մղման քայլի։ Բայց դա հնարավոր չեր լինի իրականացնել առանց Անկարայի կանաչ լույսի։ Բաքուն միայն Անկարայի թույլտվությամբ կարող էր դիմել Մոսկվային եւ տալ իր համաձայնությունը, որպեսզի իրականցվեր խաղաղապահ առաքելությունը։

Սա խոսում է Արեւմուտքի տարածաշրջան թափանցման արգելապատի մասին, որը ավելիով փորձում են աղյուսել վեցյակի հարթակով։ Երեւութապես պատժամիջոցների ենթարկվող Մոսկվան, Թեհրանն ու Անկարան հայտնվել են նույն հարթակի վրա։ Թբիլիսին ու Երեւանը ներառելու փորձով առաջադրվում է կառուցել այդ արգելապատը՝ դուրս թողելով Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Մոսկվայի համաձայնությունը վեցյակին ներառվելու կհանգեցնի Երեւանի համաձայնությանը, հատկապես ներկա պայմաններում։ Խնդիրը Թբիլիսիի միանալն է․ վեցյակի ստեղծման մասին Անկարայի հնչեցրած առաջարկի նույն օրը Վրաստանի նախագահը առաջադրեց խաղաղության կովկասյան պլատֆորմ ստեղծելու գաղափարը։ Սա կարող է դիտարկվել իբրեւ խուսանավում մերժելու Անկարայի առաջարկը եւ գուցե ստեղծելու զուտ կովկասյան հանրապետությունների միացյալ հարթակ։ Առաջարկ առաջարկի դիմաց դասական բանաձեւով մերժելու թուրքական նախաձեռնությունը։ Այդ դեպքում դեռեւս չի փակվի տարածաշրջան մուտք գործելու Արեւմուտքի պատուհանը, ինչը հակառակ ուղղությամբ կուրվագծի Վրաստանի մեկուսացման տանող ճանապարհ։

ՄԽ-ի երկու երրորդ անդամների այցը տարածաշրջան, Արցախում հանդիպման չեղարկումը եւ այս բոլորից հետո անբովանդակ հայտարարություն հրապարակելը առավել եւս համոզում է որ ներԵԱՀԿյան առումով ՄԽ-ի մեկ երրորդը պայքարում է երկու երրորդի դեմ։

Այս բոլորը չեն ենթադրելու իհարկե ԵԱՀԿ-ի ՄԽ-ի պաշտոնական կազմալուծում։ Կարգավորման բանակցությունները վերաձեռնարկելու են։ Այստեղ, սակայն կան ճշտելի կետեր։ Երեւանը բանակցություններին մասնակցում էր իբրեւ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր։ Այդ հանգամանքը թվում է ձեւական է, եւ ըստ էության այդ կարգավիճակի տերը Մոսկվան է։

Վեցյակը աշխատելու դեպքում, վեցյակի անդամները սկզբունքով պետք է լուծեն իրար միջեւ համեցող խնդիրները․ իսկ վեցյակի ձեւաչափը հուշում է, որ խնդիրները չեն վերաբերում միայն Ստեփանակերտին եւ Բաքվին, այլ նաեւ Անկարային ու Երեւանին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031