Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի երկու «վիճելի» գյուղերում այս պահին ռուս խաղաղապահներն են, ամբողջովին իրավիճակը վերահսկելի է. Փաշինյանը խոսել է իմքայլականների հետ

Դեկտեմբեր 15,2020 18:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել էր ԱԺ ու հանդիպել իմքայլական պատգամավորների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, որ քննարկման հիմնական թեման պետք է լիներ «Ընտրական օրենսգիրքը», բայց քանի որ կային ավելի հրատապ օրակարգային խնդիրներ, քաղաքական թիմը, նախարարները ներկա էին, թեման եւ խոսակցությունը զարգացավ այլ ուղղությամբ. «Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: Գիտեք, որ նախօրեին գերիների մեծ խմբաքանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը եւ ինչ գործողություններով ենք առաջ գնալու»:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ եթե մյուս խմբակցությունների անդամները եւս ցանկություն կունենան հանդիպել կառավարության անդամների հետ, ապա կառավարության անդամները համաձայնություն կտան. «Նախաձեռնությունը եղել է ֆրակցիայի կողմից»:

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ եւս երկու գյուղ հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, խոսքը Խծաբերդ եւ Հին Թաղերի մասին է՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Իրականում որոշակի հատվածներում, որտեղ դեռ  չճշտված մոտեցումներ կան՝ կապված, թե այդ տարածքների հանդեպ ինչպիսի վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով, որպեսզի նման խնդիրները, որին մենք հանգստյան օրերին ականատես եղանք, դա բացառենք: Սրա առիթով վարչապետն ուղիղ կապի մեջ է ՌԴ նախագահի հետ եւ գործողությունների եւ քայլերի տրամաբանությունը քննարկվում է: Այս պահին այդ երկու գյուղերում ամբողջովին իրավիճակը վերահսկելի է, մեր ունեցած վերջին տվյալներով՝ այս պահի դրությամբ այնտեղ ռուս խաղաղապահներն են: Այն տարածքներն են, որոնք եղել է վիճելի նախորդող ժամանակահատվածում»: Իսկ թե ինչու էին վիճելի՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրավասու չէ ասել:

Խոսելով «Ընտրական օրենսգրքի» մասին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ չեն բացառում որեւէ փուլում արտահերթ ընտրությունները:

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, նա վստահեցրեց, որ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում. «Օրերի հարց է անգամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031