Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆորս մաժորի դեպքում պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ». Լոռի TV-ի տնօրենը` գալիք մրցույթի մասին

Դեկտեմբեր 15,2020 17:45

Aravot.am-ը զրուցել է «Լոռի» հեռուստատեսության ղեկավար տնօրեն Նարինե Ավետիսյանի հետ:

-Ինչո՞ւ 2010 թ չմասնակցեցիք թվայնացման մրցույթին, իսկ այժմ որոշեցիք մասնակցել:

-2010թ մրցույթին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ արդեն իսկ քաղաքական որոշում կար, նույնիսկ մեզ պարզապես ասացին, որ անիմաստ է մասնակցելը, որովհետեւ որոշված է, թե թվային հեռարձակման լիցենզիաներն ում պետք է տալ: Լոռու մարզի հետ կապված որոշումը անակնկալ էր, որովհետեւ լիցենզիան տրվեց վաղուց չգործող մի հեռուստաընկերության, որի տնօրենն այդ ժամանակ աշխատում էր Երեւանում` հեռուստաընկերություններից մեկում:

Քաղաքական որոշման մի բաղադրիչն էլ հետեւյալն էր, որ պետք է բոլոր հեռուստաընկերությունները միանային եւ միացման արդյունքում 51 տոկոս բաժնեմասը տրվեր Կարեն Կարապետյանին: Բնականաբար «Լոռի» հեռուստաընկերությունը միանգամից մերժեց, մինչդեռ կային հեռուստաընկերություններ, որոնք փորձում էին քննարկել այդ խայտառակ առաջարկը, որն ի դեպ, արվեց Լոռու մարզպետարանում: Մենք չցանկացանք լեգիտիմացնել այդ մրցույթը ու 10 տարի ոչ միայն համբերատար սպասել ենք այս օրվան, այլեւ մի ճակատում պայքարել ենք հարցի արդարացի լուծման ճանապարհներ գտնելու, մյուս ճակատում`հեռուստաընկերությունը հզորացնելու համար, երկուսն էլ կարծես ստացվել է:

Ցավոք, այս 10 տարիների ընթացքում որոշ մարզային հեռուստաընկերություններ փակվեցին` չդիմանալով գործունեության անհավասար պայմաններին, որովհետեւ թվային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների լսարանն օրեցօր մեծանում էր, իսկ անալոգային հեռարձակում ունեցողներինը` փոքրանում:

– Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացվեց, որ դուք կարողացաք դիմակայել այդ ամենին ու չփակվել:

-Մենք այս տարիների ընթացքում ընդունեցինք զարգացող տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի բոլոր մարտահրավերները, շատ արագ մեր տեղը գտանք համացանցում, սոցիալական ցանցերում: Կորցրած լսարանի փոխարեն ձեռք բերեցինք նոր լսարան, որը բաղկացած է Սփյուռքում եւ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներից: Արդիականացնելով նաեւ մեր կայքը` կարողացանք մի կերպ գոյատեւել: Իհարկե, այս ամենը եկամտաբեր չէր կարող լինել, ու փառք ու պատիվ մեր պրոֆեսիոնալ անձնակազմին, որ կարողացանք նաեւ մեր կենսունակությունն ապահովել միջազգային դրամաշնորհային ծրագրեր իրականացնելով:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցույթից:

-Նախամրցութային ժողով է եղել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում: Նշեմ, որ բավականաչափ պարզեցվել է մրցութային առաջարկներ ներկայացնելը: Ի դեպ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ եթե նախկինում թվեր էին նկարում` միլիոնների ու միլիարդների ներդրումներ, այժմ դրա կարիքը չկա, որովհետև այդ ամենն իրականությանը չէր համապատասխանում, եւ այս անգամ նկարած թվերին այնքան էլ ուշադրություն չի դարձվելու:

Մնացած բոլոր չափորոշիչներով` ծրագրեր, տեխնիկական հագեցվածություն, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմ եւ այլն, մեր մրցակիցներից մի քանի անգամ առաջ ենք: Մենք ունենք մեր սեփական շենքը, հզոր տեխնիկա, ինչպիսին օգտագործում են Երեւանի ամենակայացած հեռուստաընկերությունները, պրոֆեսիոնալ աշխատակազմ: Կարծում եմ, որ հանձնաժողովը այս ամենի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում կգա համապատասխան եզրակացության:

Նաեւ շատը հետաքրքիր փաստ եմ ուզում ներկայացնել: Քանի որ ինքս էլ լրագրող եմ, փորձեցի ուսումնասիրել իմ մրցակիցների գործունեությունը` կապված նաեւ անցյալ տարիների հետ: Եվ ի՞նչ պարզվեց. բաց աղբյուրներից, օրինակ 1000plus.am կայքից արտահանեցի փաստեր, որոնք շշմելու աստիճան ինձ օգնեցին: Ստացվում է, որ մենք անալոգային տիրույթում հեռարձակվելով` ավելի շատ ենք վճարել (դրանով որոշվում է, թե քանի աշխատող ենք ցույց տվել), քան մեր մրցակից երկու հեռուստաընկերությունները: Ընդ որում, թվային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունը երրորդ տեղում է, առաջին տեղում մենք ենք, երկրորդ տեղում մեկ այլ հեռուստաընկերություն:

Գուցե եւ չափորոշիչների մեջ չկա այս մասին գրված, բայց սրանք հավաքական տպավորություն եւ կարծիք ստեղծելու գործիք են: Դարձյալ բաց աղբյուրից եւ հենց ՀՌՀ եւ ԿԸՀ կայքերից կարելի է արտահանել բոլոր ընտրությունների լուսաբանումների պատկերը. մենք բոլոր ուժերին հավասարապես լուսաբանել ենք, եւ անգամ թվային հեռարձակվող եթեր, այսինքն` մեծ լսարան չունենալու պարագայում մարդիկ մեզ են դիմել:

-Իսկ ինչո՞ւ են հենց ձեզ դիմել, եթե ձեր ծածկույթն այդքան մեծ չէ:

-Դիմել են մեր հեղինակության հաշվին, մենք PR ընկերություն չենք, որեւէ քաղաքական ուժի չենք ծառայել, հավասարաչափ լուսաբանել բոլորին, ինչի արդյունքում փոխադարձ ստացել ենք նաեւ այդ քաղաքական ուժերի վերաբերմունքը` քաղաքական գովազդի, պատվերի տեսքով:

– ՀՌՀ անդամների մեջ կան մարդիկ, որոնք 2010-ին մրցութային առաջարկներ են գնահատել…

-Կարծում եմ` էական նշանակություն չունի, թե ովքեր են այնտեղ: Վստահ եմ, որ ՀՌՀ-ում կան խելոք մարդիկ, որոնք կարող են ճիշտ գնահատել…Եթե 2010թ մենք չենք մասնակցել մրցույթի, ես հանձնաժողովի անդամների դեմ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ գուցե թե մասնակցեինք, այլ բան ստացվեր, այդ քաղաքական որոշում ի չիք դառնար… Այս անգամ մեզ որեւէ քաղաքական որոշման մասին մեզ ոչինչ չեն ասել: Հույս ունեմ, որ հանձնաժողովի անդամները մանրակրկիտ կուսումնասիրեն փաթեթները, եւ ամեն ինչ արդար կլինի:

Ի դեպ, պարոն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթեր է պատրաստել նախորդ լիցենզիաների առաջարկների կատարման վերաբերյալ, թե ընկերությունը որքանով է կատարել նախկինում տված խոստումները: Շատ լավ գիտեմ, թե մրցակիցներս նախկինում ինչ են խոստացել եւ ինչ են արել: Թեկուզ եւ մեր լիցենզիան հին է, այն ստացել ենք 2003-ին, բայց այդ թվականից տված խոստումները մինչեւ 2010 թվականն իրականացրել ենք, իսկ 2010 թվականից առայսօր մենք շենքն ենք գնել, մամուլի սրահն ենք ստեղծել, տեխնիկա, հեռուստաընկերության լրատվական ծառայության ապահովող մեքենա եւ այլն ենք ձեռք բերել: Եվ եթե 2010թ պիտի ինչ-որ բան խոստանայինք, այդ խոստումները դրանք են, որ պետք է արդեն իսկ կատարված լինեն:

-Իսկ եթե այնուամենայնիվ, հանկարծ կրկնվի այն, ինչ եղել է անցյալում եւ չկարեւորվեն ձեր կողմից ներկայացված փաստերը, ճիշտ գնահատական չտրվի, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Յուրաքանչյուր մտածող մարդ ցանկացած քայլ անելիս մտածում է ֆորս-մաժորի մասին: Մեր ընկերության մրցութային փաթեթը պատրաստելիս, որը թիմային աշխատանք է, յուրաքանչյուրս մեր մտքում ունեինք այն, որ հայցադիմում ենք պատրաստում, յուրաքանչյուր տող գրելիս մտածում էինք, որ դատարանում սա համեմատության մեջ պետք է դիտարկվի այլոց հետ: Փաթեթում ինչ ներկայացված է՝ ամբողջությամբ ապացուցողական բազայով է, 233 էջ: Եթե նախկինում ինձ ինչ-որ բան կաշկանդում էր, ապա այժմ ֆորս մաժորի դեպքում պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ, չնայած համոզված եմ, որ հանձնաժողովի անդամներն այնքան ուժեղ կգտնվեն, որ եթե անգամ քաղաքական որոշում լինի, մասնագիտական որոշում կկայացնեն:

Զրույցը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031