ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի շուրջ սեղմվում է թյուրքական օղակը։
Մեր հարավային դարպասի գլխին անարգել կախվում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ռազմական բռունցքը, այլեւ Սյունիքն ենթակառուցվածքներով խեղդելու եւ Հայաստանից պոկելու վտանգը, ինչի համար նպաստավոր հիմքեր են ստեղծված կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով։
Վաղն, օրինակ, նախատեսվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունների միջեւ Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման մասին հուշագրի ստորագրումը։
Նախիջեւանն այս պահին գազը ստանում է Իրանից եւ գազամատակարարման խնդիր չունի։ Նախատեսվող նոր գազամուղն ունենալու է 160 կմ երկարություն՝ 500 միլիոն խորանարդ մետր գազի հայտագրված հզորությամբ։
Կարդացեք նաև
Նախիջեւանի առկա բնակչությունն ու տնտեսությունը այդքան մեծ ծավալի կապույտ վառելիքի նոր կարիք չունի եւ դրա սոցիալ-տնտեսական հիմնավորումները ընդամենը ծխաշղարշ են։
Ակնհայտ է, որ տվյալ ծրագիրը ունի այլ տեսանելի նպատակ՝ Սյունիքով ենթադրվող նոր կոմունիկացիոն, արդեն «թյուրքական դարպաս» ստացած միջանցքով Ադրբեջանի գազատար համակարգին միանալն է։
Ի դեպ, նման ծրագրի փափագ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են ունեցել, հարցն ավելի առարկայական քննարկվել է, ուշադիր, այս տարի փետրվարի 25-ին Էրդողանի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում։
Եթե սրան գումարենք նաեւ Կարս-Նախիջեւան նախագծվող երկաթգիծը, ապա ակնհայտ է, որ Հայաստանն օր առաջ պետք է նոր բանակցողով հանդես գա, որպեսզի հնարավորինս չեզոքացնի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթի նաեւ 9-րդ կետը»։