Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կլաստերային զինամթերք է օգտագործել Ադրբեջանի դեմ, պնդում է Human Rights Watch-ը

Դեկտեմբեր 15,2020 16:46

Հայաստանի և նրա դաշնակից Լեռնային Ղարաբաղի ուժերը լայնորեն կիրառել են կլաստերային զինամթերք Ադրբեջանի բնակելի շրջաններում, ինչը պատերազմական օրենքների խախտում է: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Նոյեմբերին Ադրբեջան կատարած այցի ընթացքում Human Rights Watch-ի հետազոտողները գրանցել են կլաստերային զինամթերքի օգտագործման 4 հարձակում երեք շրջաններում (Թարթառ, Բարդա, Գերեմբոյ): Դրանց հետևանքով զոհվել է առնվազն 7 քաղաքացի, այդ թվում երկու երեխա, վիրավորվել է մոտ 20 մարդ, այդ թվում երկու երեխա:

«Կլաստերային ռազմամթերքը դաժան զենք է, որն արգելված է միջազգային համաձայնագրերով, և դրանց օգտագործումը ցույց է տալիս աղաղակող անհարգալից վերաբերմունք քաղաքացիական կյանքերի նկատմամբ,- ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:- Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է անհապաղ հանձնառություններ ստանձնեն չօգտագործել կլաստերային զինամթերք և միանան դրանք արգելող համաձայնագրերին»:

Չնայած Human Rights Watch-ը հնարավորություն չի ունեցել արձանագրելու՝ արդյոք ազդեցության գոտիներում կամ դրանց հարևանությամբ հարձակման պահին եղել է զինվորական անձնակազմ, սարքավորումներ կամ տեխնիկա, այնուամենայնիվ, կասետային զինամթերքի կիրառման ոչ ընտրական բնույթը պատերազմական օրենքների խախտում է՝ անկախ նրանից, արդյոք այդ շրջաններում եղել են լեգիտիմ ռազմական թիրախներ, թե ոչ:

Նոյեմբերի 27-ին Երևանում Human Rights Watch-ի հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳՆ-ից հերքել են, որ Հայաստանն իր զինանոցում կլաստերային զինատեսակներ ունի:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի Military Balance 2020 ամենամյա պարբերականի տվյալներով՝ Հայաստանն ունի «Տոչկա» և «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև «Սմերչ» և չինական արտադրության WM-80 հրթիռային նռնականետեր, որոնք կարող են կրել կլաստերային մարտագլխիկներ: Human Rights Watch-ի ունեցած տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի ուժերը չունեն կլաստերային զինամթերք, ուստի, ըստ ամենայնի Լեռնային Ղարաբաղին դրանք մատակարարել է Հայաստանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031