Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրություններ՝ ընդդեմ պետական հեղաշրջման

Դեկտեմբեր 15,2020 22:00

Պատերազմական գործողությունների ավարտն ապահովող եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ին ազդարարեց նաեւ Հայաստանում խորը հասարակական-քաղաքական ճգնաժամի մեկնարկը, եւ այլեւս ոչ ոք դա չի ժխտում եւ չի կարող ժխտել։ Այստեղ է, որ Հայաստանում միակարծությունը սկսվում եւ վերջանում է միաժամանակ, քանզի այն, թե ինչ անել այս ճգնաժամի հետ՝ ներկայացվում են խիստ տարբեր, ընդ որում փոխբացառող լուծումներ եւ «լուծումներ»։

Ակնհայտ է, որ Հայաստանը կառավարող քաղաքական ուժն օժտված է լեգիտիմ մանդատով, եւ այդ իմաստով ոչինչ չի փոխվել, սակայն փոխվել են պայմանները։ Երկու տարի առաջ այդ մանդատը տրված էր Թավշյա հեղափոխության օրակարգն իրականացնելու համար՝ մինչ սեպտեմբերի 26-ի Հայաստանում առկա չհաղթահարված մարտահրավերներին դիմագրավելու համար։

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել են միանգամայն այլ պայմաններ, որոնք թելադրում են այլ խնդիրներ, որոնք էլ պահանջում են լուծումներ։ Այդ իսկ պատճառով, մեր պետության, հասարակության, նաեւ՝ հենց իշխանության իսկ շահերից է բխում «նորացնել» այդ մանդատը։

Այս խնդիրն այլ կերպ, քան արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ լուծում չունի եւ չի կարող ունենալ։

Ակնհայտ է, որ «ընտրություններ հենց հիմա» նշանակում է անցում ճգնաժամից քաոսի, քանզի ոչ պետությունը, ոչ հասարակությունը, ոչ էլ քաղաքական ուժերը դրան պատրաստ չեն, եւ դա խոստովանում են նույնիսկ այն անձինք, ովքեր ամենաբարձրն են բղավում հրապարակներում եւ խաչմերուկներում վարչապետ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։

Հետեւաբար, արտահերթ ընտրություններ՝ այո՛, արտահերթ ընտրություններ հենց հիմա՝ ո՛չ։ Անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան, որի ընթացքում պետք է լուծվեն ամենահրատապ խնդիրները, կապված պատերազմի ուղղակի հետեւանքների հաղթահարման հետ. անհայտ կորածների որոնում, ռազմագերիների եւ պատանդների վերադարձ, փախստականների ապահովում, արցախցիների վերադարձի պայմանների ապահովման անհետաձգելի հարցերի լուծում, զինադադարի ռեժիմի ամրապնդում եւ բանակցային գործընթացի մեկնարկ եւ այլն։ Դրան գումարած՝ դիմացը ձմեռ է, ճգնաժամային իրավիճակ է նաեւ տնտեսության մեջ, հաղթահարված չէ կորոնավիրուսի համաճարակը։

Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի գործող իշխանությանը, տրամաբանական կլիներ, որպեսզի թե՛ հասարակությունը, թե՛ հասարակական-քաղաքական սուբյեկտները, ելնելով վերոշարադրյալից, կառուցեին իրենց պահանջները եւ նպատակները, քանզի աքսիոմ է, որ առաջիկա արտահերթ ընտրական գործընթացից պետությունը եւ հասարակությունը պետք է դուրս գա ուժեղացած, եւ դա պետք է լինի գլխավոր արդյունքը։

Իրականում, պատկերն այլ է։ Հետպատերազմական մեկ ամիսը ցույց տվեց, որ Հայաստանում գործող քաղաքական դաշտ կոչվածը գերազանցապես լցոնված է մնում սուբյեկտներով, որոնք ոչ միայն հասարակական շահի հետ որեւէ կապ չունեն, այլեւ ուղղակիորեն դեմ են գնում հասարակությանը, չխորշելով անգամ տեղեկատվական ահաբեկչության ակտերից եւ թունավոր նառատիվներով համեմված վտանգավոր ապատեղեկատվությունից։ Ի՞նչ են ուզում նրանք, արտահերթ ընտրություննե՞ր։ Իհարկե, ոչ։ Նրանք, ըստ էության, ասում են. Ազգային ժողովը մեզ չի հետաքրքրում, տվե՛ք մեզ կառավարությունը, իսկ դուք հանգիստ նստեք տեղներդ, որքան որ մենք անհրաժեշտ կհամարենք, որից հետո «մենք ձեզ համար ընտրություններ կանցկացնենք»։ Եվ որպեսզի այդ «դեղահաբը» չլինի շատ «դառը», իրենց ուզած կառավարությունը փաթեթավորում են «ազգային համաձայնության», «արհեստավարժ-տեխնոկրատական» եւ այլ գույնզգույն «կոնֆետի թղթերով»։

Բայց չէ՞ որ մենք սա անցել ենք 1998 թվականին, երբ տեղի ունեցավ «թավշյա հեղաշրջում»։ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», ասում էր «համազգային» թեկնածուն։ Դրանից հետո Հայաստանը երկու տասնամյակ թաթախվեց կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմի ճահիճը։ Հիմա մի նման «համազգային» ական պետության տակ ուզում են դնել մի շարք կուսակցություններ, որոնցից երեք հիմնականը տարիներով եղել են հենց այդ կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմի հենարանը, ֆասադը եւ քաղաքական տանիքը միաժամանակ, մի շարք համայնքապետեր, մի շարք անձինք, որոնց ընդունված է անվանել որպես մտավորականներ, ինչպես նաեւ՝ որոշ քաղքենի սուբյեկտներ եւ, ըստ Լենինի՝ մի-քանի «օգտակար ապուշներ». ահա՛ նոր հեղաշրջման քաղաքական-գաղափարական հենարանը։ Անշուշտ, այս ամենը շարժման մեջ դնելու համար անհրաժեշտ են կրիմինալ բանդաները, «ցանկալի է» զինված, որոնք անհրաժեշտ «սոցիալական պատվեր» կձեւավորեն, եւ իհարկե՝ այս գործընթացի տեղեկատվական եւ ապատեղեկատվական ապահովումը։

Ըստ էության, ինչպես ցույց տվեց անցած մեկ ամիսը, այս հեղաշրջման մտահղացումը, որի «բլիցկրիգ» տարբերակը տապալվեց նույն՝ նոյեմբերի 9-10-ի գիշերը, պարզապես չունի եւ չի գտնում հասարակական հենարան։ Պարզվում է, որքան էլ որ դա չեն ուզում հասկանալ ոմանք, որ հասարակությունն իր հավաքականության մեջ ամեն ինչ տեսնում եւ հասկանում է, եւ նույնիսկ շոկային վիճակում չի կորցնում իր զգոնությունը։

Սակայն, սա դեռ չի նշանակում, որ գործող իշխանությունը կարող է հույսը դնել իներցիայի եւ երկու տարի առաջ ստացած մանդատի զորության վրա։ Դա վտանգավոր ինքնախաբեություն կլինի։ Պետական հեղաշրջումը վերջնականապես խեղդելու մեկ տարբերակ գոյություն ունի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի անցկացման ժամանակային հորիզոնն է 6-12 ամիսը։ Դրան ընդառաջ մեզանից պահանջվելու է ազնվություն, պատասխանատվություն, համբերություն, սառնասրտություն, վճռականություն։ Դրանք նաեւ այն անհրաժեշտ որակներն են, որոնք պահանջվելու են անցած պատերազմը վերաիմաստավորելու, պատշաճորեն դասերը քաղելու համար։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «տեղեկատվական ահաբեկչության ակտեր եւ թունավոր նառատիվներ»…հոյակապ է:
    Մինչդեռ կարող էր ավելի համոզիչ լիել, օրինակ՝ «մեդիատեռորիզմ եւ դեզինֆորմացիոն նառատիվներ»: Պատկերացրեք, ինչպես կուրախանան Բաց հասարակության հիմնադրամում, եթե այսպիսի վերնագրով սեմինար առաջարկեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031