Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՏՐԱՍԵԿԱ ծրագրի դուռը բացվեց. հնարավոր է՝ մեզ առաջարկեն Մեղրիի միջանցքը վաճառել». Կարեն Ադոնց

Դեկտեմբեր 15,2020 15:38

«Կար ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը, որը ենթադրում էր Ասիայից Կովկասով հումքային ռեսուրսների, էներգակիրների փոխադրում արեւմտյան շուկաներ: Այս ծրագրի հետեւում կանգնած էին գրեթե բոլոր արեւմտյան երկրները, աշխատանք էր տարվում Իրանի ուղղությամբ, Թուրքմենստանի հետ: Այս ծրագիրը կասեցվեց մինչեւ արաբական գարունը, մնացին ադրբեջանաթուրքական մի քանի ծրագրեր»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնած «Պարտությունից հաղթանակ» խորագրով հանրային լսումների ժամանակ այսօր հայտարարեց տնտեսագետ Կարեն Ադոնցը:

Նա նշեց. «ՏՐԱՍԵԿԱ-ն կանգնեցվեց այն կետում, որում Ռուսաստանն ու Իրանը դեմ եղան Կասպից ծովով էներգակիրների փոխադրմանը: Մյուս կողմից, Իրանի սահմանային հատվածն էր նախատեսված փոխադրման համար: Իսկ հիմա դուռը բացվեց եւ մեր համար շատ վտանգավոր իրավիճակում: Այն ժամանակ էլ Իրանի ազգայնական շարժումը կար, բայց հիմա ունենք «հաղթանակած» թուրքական ազգայնական շարժում: Անթաքույց խոսվում է այն մասին, որ սա նպատակ ունի վերակենդանացնելու այս ծրագիրը, որովհետեւ իրանական սահմանն է կրճատվել: Տարածքային առումով մնացել է Մեղրիի հատվածը, որն, իմիջիայլոց, կարող է լինել եւ հայկական, եւ իրանական կողմում: Այդ տարածում բնակչությունն ադրբեջանական է»:

 

Կարեն Ադոնցը վստահ է, որ բոլոր արեւմտյան երկրները ըստ նշյալի են դիրքավորվում, իսկ Հայաստանի համար վտանգներ կան. «Բերձորի միջանցքը կապված է Մեղրիի միջանցքի հետ, բայց ՏՐԱՍԵԿԱ-ի համար այն դեռ հուսալի ճանապարհ չէ: Կա վտանգ, որ մեր սահմանին կարող է սկսել ազգայնական-անջատողական շարժում, որը կկանգնեցնի մեր եւ Իրանի տնտեսական հարաբերությունները: Չմոռանանք, որ արեւմտյան երկրները կողմ են այս ծրագրին եւ օգտագործելու են թուրքական ազգայնական շարժումը Թուրքմենստանի, Ղազախստանի ուղղությամբ: Սա եղել է նախկինում, հիմա էլ կլինի: Մենք Իրանի հետ սահմանի առնչությամբ կարող է խնդիրներ ունենանք: Եթե արեւմտյան երկրները նման մոտեցում ունեն, Մեղրիի միջանցքն այդ ծրագրում պետք է լինի հուսալի: Եթե նույն ձեւով շարունակենք, դեֆոլտի ենք հասնելու: Տնտեսության ծավալներն անկում են ապրում: Մենք միշտ վարկ ենք հայթայթել, եւ մեզ հիմա ավելի թանկ վարկեր են առաջարկելու: Շատ հնարավոր է՝ մեզ առաջարկեն Մեղրիի միջանցքը վաճառել պարտքի դիմաց: Կասեք, որ նման բան չի լինի, որ տարածքային ամբողջականություն կա, բայց հիշեցնեմ, որ 2009թ.-ի ճգնաժամում, երբ Հունաստանը շատ ծանր վիճակում էր, նրան առաջարկեցին վաճառել կղզիները»:

Կարեն Ադոնցի խոսքով՝ Հայաստանն այս ծրագրից շահելու տնտեսական հնարավորություններ չունի. «Մտածել, որ այս իրավիճակում կարող ենք շահ ակնկալել…թվում է, թե ես վատատես եմ, բայց սա իրական գործընթաց է: «Մենակ»-ի հոգեբանությունը խմբային հոգեբանությունից տարբերվում է նրանով, որ մենակը երբեք լավատես չի լինում: Սրանից պետք է կոնկրետ ծրագրով դուրս գալ: Եթե կա միասնական գաղափար, այդ ծրագիրը ենթադրում է միասնական տնտեսական համակարգի ձեւավորում: Տասը միլիոն հայով կարող ենք հարցը լուծել: Եթե կառավարությունը զբաղվի այս հարցով, քաղաքական գործընթացները մեզ հնարավորություն չեն տա մարդկանց համախմբել, ուստի այս ծրագրի կառավարումն առհասարակ պետք է դուրս բերել քաղաքականությունից եւ հանձնել պրոֆեսիոնալ կառույցի, որը կհասնի տնտեսական ցուցանիշների, ներդրումների: Առաջարկում եմ ստեղծել ռազմատնտեսական կոմիտե՝ գործադիրից անկախ: Այն կգործի նույն տրամաբանությամբ, ինչ կենտրոնական բանկը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031