Լրահոս
Օրվա լրահոսը

Համառ, բայց լուռ պայքար Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ Ղարաբաղում

Դեկտեմբեր 15,2020 15:00

Էրդողանն ու Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը խափանելուց հետո լծվել են ռուսական խաղաղապահ առաքելությունը տապալելու գործին

Սկիզբը՝ այստեղ

Մոսկվայից զգույշ են խոսում, փորձում են չնեղացնել Թուրքիայի իշխանություններին

Բաքվում դեկտեմբերի 10-ին անցկացված ռազմական շքերթի շրջանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարություններին անմիջապես արձագանքեց պաշտոնական Մոսկվան: Ռուսաստանում հասկանում են, թե ինչ է նշանակում Էրդողանի ակտիվությունը Ադրբեջանում՝ նույնիսկ պատերազմական ակտիվ գործողություններից ու ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո:

Քաղաքական մակարդակում հայտարարությունները պետք է նպաստեն ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Լեռնային Ղարաբաղում կյանքը կարգավորելու համար, եւ ոչ թե ջնջեն հակամարտության կարգավորման ուղղությամբ ներդրված ջանքերը, շեշտեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հենց շքերթի օրը՝ հավելելով. «Չափազանց շատ ջանքեր են ծախսվել, չափազանց շատ ուժեր են ներդրվել: Եվ եկեք հիշենք, որ չափազանց շատ կյանքեր են խլվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է դա ջնջի»: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան ելնում է նրանից, որ իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, եւ չափազանց շատ ուժեր են կենտրոնացվել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: «Մեծ աշխատանք է տարվել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու եւ փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման բարդագույն գործընթացները սկսելու, այդ տարածաշրջանի բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման պայմաններ եւ նախադրյալներ ստեղծելու համար: Դա չափազանց քրտնաջան աշխատանք է: Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացին»,- ասել էր Զախարովան:

Մոսկվայից, նկատելի է, որ բավական զգույշ են խոսում, փորձում են չնեղացնել Թուրքիայի իշխանություններին: Օրերս Անկարան հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ԼՂ հարցով արձանագրությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ, ցույց տալով, որ Մոսկվա-Անկարա դաշտում ամեն ինչ կարգին է: Խոսքը վերաբերում է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնների գործունեությանը, որի տեղակայման հետ կապված քննարկումները շուրջ մեկ ամիս տեւեցին:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է երեք արձանագրություն: Դրանք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ, հայտնեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Թուրքիայի խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչու են Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գաղտնի բանակցություններ ընթացել, նա նշել է, որ նման մեղադրանքներն անհիմն են, Ադրբեջանից գաղտնի որեւէ արձանագրություն չի ստորագրվել: Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանում թուրքական դիտորդական կետի տեղակայումը եղբայրական երկրի նկատմամբ իրավասությունների շրջանակում է: «Ադրբեջանի կողմից զորախմբի թվաքանակի, տեղի, ժամանակի հաստատումից հետո հարցը կարող է լուծում ստանալ»,- ասել է Չավուշօղլուն: Թուրք պաշտոնյան վրիպե՞լ է արդյոք՝ դիտորդական կետը միայն թուրքական անվանելով, առայժմ հստակ չէ:

Ի դեպ, դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներին, նշեց, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական դիտորդական համատեղ կենտրոնը կստեղծվի Ադրբեջանի Աղդամի շրջանում: «Մենք արդեն գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոն ստեղծելու փուլում… Թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ, որ սա տարածաշրջանային համագործակցության շատ լավ դրսեւորում է: Միեւնույն ժամանակ, սա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ ընդունելի համագործակցության խորհրդանիշ է: Սա արդեն իրողություն է»,- ասել է Ալիեւը:

Ռուսաստանին վստահաբար դուր չի գալիս թուրք-ուկրաինական վերջին շփումները, որոնք կոնկրետ արդյունքներով պսակվեցին: Օրերս Ուկրաինան եւ Թուրքիան տեխնոլոգիաների փոխանցման եւ գրոհային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին համաձայնագիր կնքեցին։ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թուրքական ընկերությունների հետ համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը: Ստորագրումը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության նախագահ Իսմայիլ Դեմիրի գլխավորած թուրքական պատվիրակության այցի շրջանակներում:

Տարանի խոսքով՝ առաջին հերթին խոսքն այն նախագծերի մասին է, որոնք կոչված են արմատապես ուժեղացնել Սեւծովյան-Ազովյան տարածաշրջանում անվտանգության բարելավման նպատակով Ուկրաինայի ռազմածովային ուժերի մարտական կարողությունները: Կողմերը քննարկել են միջկառավարական համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ընթացքը եւ նշել, որ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությունը պաշտպանության ոլորտում ունի ռազմավարական բնույթ: Տարանը նշել է, որ դրանք ռազմական նշանակության ապրանքների մասին Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից կնքված պատմության մեջ առաջին արտաքին տնտեսական գործարքներն են: Հայտնի է, հոկտեմբերին Անդրեյ Տարանը եւ Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, անօդաչու թռչող սարքերի եւ բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու եւ իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել:

Թուրքական զորքը եկավ շքերթի, մնաց, ապա՝ դիմեցին սադրանքների համանախագահների այցի օրերին

Հետաքրքիր զուգադիպությամբ Ադրբեջանը ռազմական ակտիվություն ցուցաբերեց ռազմական շքերթում Էրդողանի մասնակցությունից ու նրա հայտարարություններից անմիջապես հետո: Դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ վերսկեց: Արցախի Հին Թաղլար եւ Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ գործողությունների արդյունքում ռուսական կողմն ընդունեց, որ դա Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքն է: ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում ասվում էր. «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտարկման 23 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Ղարաբաղի հարավում դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին՝ Հին Թաղլար եւ Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի օրերը պատահական չէին ընտրված: Այդ օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին այցելելու Բաքու, ապա՝ Երեւան: Որ թուրք-ադրբեջանական տանդեմը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը խափանվի՝ դա անհերքելի է: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո էլ Անկարան ու Բաքուն ամեն ինչ անելու են, որպեսզի արգելափակեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներն ու հնարավոր համաձայնությունները:

Առանձնակի ցինիզմով Ալիեւն ընդունեց Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մշտապես փակ ռեժիմով հանդիպումներն արդեն հրապարակային էին՝ տեսախցիկների առջեւ: Ահա, Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու: «Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Ես կարող եմ դա նորից ասել տեսախցիկների առջեւ: Ես Մինսկի խմբին չէի հրավիրել այցելել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե, նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ուզում եք խոսել տեսախցիկների առջեւ, ասեք ինձ, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ», – նշեց Ալիեւը:

Այնուհետեւ նա շարունակեց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, չնայած, որ հանդես է եկել գաղափարներով եւ փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, սակայն դա, ըստ Ալիեւի, «ոչ մի արդյունք չտվել, թեեւ Մինսկի խումբը դրա լիազորությունն ուներ 28 տարի»: Նա նորից կրկնել է՝ հակամարտությունն արդեն «լուծված է», եւ որ ինքը «ցույց տվեց, որ հակամարտությունը հնարավոր էր եւ լուծվեց ռազմական ճանապարհով»:

Ալիեւի մոտ կես ժամ տեւող խոսքում մեղադրանքներ հնչեցին Հայաստանի թե նախկին, թե ներկա իշխանությունների հասցեին: Նա ասել է, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը «կործանել է բանակցությունները, սադրիչ հայտարարություններով եւ գործողություններով իմաստազրկել դրանք»։ Հայկական կողմի պարտությունը որակելով ստորացուցիչ կապիտուլյացիա` Ալիեւը գովաբանել է իրեն՝ պնդելով, որ իր խոսքի տերն է եղել, «հենց կատարել են իր պահանջը, անմիջապես դադարեցրել է պատերազմը»։ «Եթե պատերազմը չդադարեցնեինք, բոլորը հասկանում են` ինչ կլիներ։ Հայկական բանակը ոչնչացված էր, բարոյազրկված։ Պատերազմի ժամանակ ես ասացի, որ մենք մտադիր չենք գրավել հայկական տարածքները, չնայած հասկանում եք, որ հնարավորություն ունեինք եւ դեռ ունենք», ասել է նա: Ապա` նա շեշտել է, թե «պատերազմական հանցագործներ են նաեւ նախկին ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը», եւ որ Ադրբեջանը հաղթել է նրանց ստեղծած բանակին. «Սարգսյանը, Քոչարյանը ռազմական հանցագործներ են։ Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին։ Նրանք ցանկանում են մեղքը գցել Փաշինյանի վրա։ Ես ասում եմ՝ Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, որ չի հասկանում միջազգային հարաբերությունները, ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, որ իր կյանքում անգամ մի կոլխոզ չի ղեկավարել։ Պետք չէ միայն նրան մեղադրել։ Այո, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ, բայց պատժվեց դրա համար։ Բայց մենք հաղթել ենք Սարգսյանի եւ Քոչարյանի ստեղծած բանակին»:

Նկատենք, որ պաշտոնական Երեւանից արձագանք դեռ չի հնչել Ալիեւի ելույթում Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունների հասցեին ցինիկ, արհամարհական ու վիրավորական որակումներով ելույթին ի պատասխան:

Այս մթնոլորտում Ալիեւը համարում է, որ «տարածաշրջանում այժմ բոլորովին նոր իրավիճակ է»: Նոր իրավիճակը, ըստ էության, Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կուտակումներն էին, այդ թվում՝ ծանր հրետանային միջոցներով, որոնցով նրանք հարձակում նախաձեռնեցին՝ խախտելով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտեց Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման եւ ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումը, ընդգծելով, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: «Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ եւ անընդունելի հայտարարությունների շարունակությունն է», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Երկօրյա լարվածությունն ավարտվեց այսպես. ՌԴ Պաշտպանության նախարարության Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ դեկտեմբերի 14-ին նոր քարտեզի համաձայն՝ Խծաբերդ եւ Հին Թաղլար գյուղերը այլեւս գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեկ օր առաջ՝ այդ գյուղերը գտնվում էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Պաշտոնական Երեւանն իր ակնարկներով եւ անգործությամբ հստակ հասկացնել տվեց, որ նմանատիպ խնդիրները պետք է լուծի ռուսական կողմը: Նրանք էլ՝ լուծեցին:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031