Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է սիրում Պուտինը կամ ո՞ւմ հանձնվենք, որ ապրենք

Դեկտեմբեր 15,2020 14:41

Մի օր մենք արթնացանք և հայտնվեցինք դժոխքում: Այս աշնանը ստիպված եղանք համտեսել անկախությունից ի վեր մեր ստեղծած «բարիքները»: Մենք այնքան ենք ինքներս մեզ խաբել, որ այսօր էլ, երբ ճշմարտությունն ակնհայտ է, երբ երկիրը կանգնած է անդունդի եզրին, ի զորու չենք ինքներս մեզ ասել ճշմարտությունը, և ինչպես բնորոշ է կաստային համակարգին, բաժանվել ենք «թայֆաների» և պայքարում ենք ինքներս մեր դեմ:

Ակամայից հարց է ծագում՝ տեսնես ովքե՞ր են այսպես կոչված զոմբիները` նրանք, որ դեռևս պաշտպանում են պատերազմում պարտություն կրած իշխանությանը, թե նախկին իշխանավորների կողմնակիցները, որոնց ներդրումն այս պարտության մեջ, մեղմ ասած, բավականին տեսանելի է:

Այն, որ մեր թիվ մեկ խնդիրը հենց եղանակ ստեղծող քաղաքական գործիչներն են, գնալով ավելի հասկանալի է դառնում ամբոխի համար: Եվ պետք չէ զարմանալ, որ տարիներ շարունակ նսեմացված, տասը հազար դրամով իր ձայնը վաճառած, համացանցում թաքնված և օրվա լափամանից օգտվելու մոլուցքի պատճառով սեփական կարծիքը տանը թողած քաղաքացին այսօր ի զորու չէ համախմբվել և պայքարել հանուն հայրենիքի: Չէ որ հենց այդ քաղաքացին է, որ պետք է ներքին օղակներում շղթա դառնա` զինվոր, հրամանատար, ոստիկան, լրագրող և այլն, որպեսզի ի զորու լինի իրականությանը նայել բաց աչքերով և լուծի հայրենիքի առջև ծառացած խնդիրները, իսկ այն անհատները, որ դեռևս կարող են տեսնել ճշմարտությունը, ասել այն և, որ ամենակարևորն է՝ լուծել խնդիրները, զրկված են այդ իրավունքից, քանզի աղբի մեջ նույնիսկ ադամանդն է զրկվում իր փայլից:

Այսօր իշխանական և ընդդիմության դաշտում վիճում են մեկ հարցի շուրջ՝ ո՞ւմ է ավելի շատ սիրում Պուտինը կամ ո՞ւմ վաճառենք երկիրը, որ ապրենք: Եվ թեև շատերը միգուցե և անկեղծ ապշած են, թե ինչու է ամբոխն այդքան անտարբեր իրադարձությունների զարգացման նկատմամբ, պատասխանն ակնհայտ է՝ նրանք թեև շփոթված են, սակայն մի բան աներկբա հասկանում են՝ առաջարկվող այս «շքեղ» ընտրության մեջ ամենևին էլ ընտրություն չկա, և ևս մեկ անգամ աթոռամոլների համար պայքարի դուրս գալու ցանկություն ողնաշարը կոտրած մարդիկ չունեն: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Պուտինը սիրում է Ռուսաստանը, անելու է ամենը ելնելով իր երկրի շահերից և վերցնելու է այնքան, որքան ստեղծված իրականության մեջ կարող է մարսել, ուստի ավելորդ հույսեր փայփայել պետք չէ և միայն մեզանից է կախված մեր երկրի ճակատագիրը:

Ինչպես առաջին արցախյան պատերազմում հաղթանակը մերն էր, այնպես էլ այս պատերազմում պարտությունն է մերը և միայն մեզանից է կախված, թե հետագա զարգացումներն ինչպիսի արդյունք կունենան ու քանի որ «մենք ենք տերը մեր երկրի», ուստի միակ հարցը, որ այդպես էլ օդում կախված է մնացել այն է, թե որքանով ենք մենք պատրաստ տեր կանգնելու հայրենիքին:

Այն, որ հերոսներ կան դեռ մեր հայրենիքում ապացուցեցին մեր զոհված տղաները, իսկ հիմա մնում է միայն պարզել կենդանի մնացածներիցս քանիսն ենք հերոս, իսկ քանիսը քոչվոր:

Այն, որ ներկայիս և նախկին իշխանավորներից շատերը լոկ խոպանչիներ են, որոնք Հայաստանում ունեն մեկ նպատակ՝ հասնել ինչ-որ աթոռի, գռփել և ընտանիքով փախչել արտասահման և ապրել ու վայելել իրենց գռփածն՝ ակնհայտ է, մնում է հասկանալ մենք ամբոխ ենք, թե ժողովուրդ և պատրաստ ենք արդյոք հայրենիքի և այստեղ ապրելու մեր իրավունքի պաշտպանությանը: Եթե ոչ, ուստի խոսելն էլ ավելորդ է, կարող եք շարունակել խորիմաստ և կոպեկի արժեք չունեցող ստատուսներ գրել համացանցում, կողմնակիցներ փնտրել, լայքել և լայքվել մինչև թշնամին վերջնական համացանցից դուրս կլայքի մեզ բոլորիս:

Ի վերջո, չեմ կարծում, որ մենք չենք հասկանում, որ եթե Ֆրանսիան պաշտպանում է ֆրանսիացին, ԱՄՆ-ը՝ ամերիկացին, Հունաստանը՝ հույնը և այլն, Հայաստանը չի պաշտպանի նրանցից ինչ-որ մեկը կամ նույնիսկ ռուսը, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը կարող է պաշտպանել միայն հայը ու թեև մեզ կարող են օգնել, սակայն ոչ ավել, քան մենք ինքներս:

Եվս մեկ բան՝ ավելի լավ է պաշտոն ունենա ձեր չսիրած հարևանի որդին, ով գիտակից է, ունի սեփական կարծիք, ինքնասիրություն, ազնիվ է ու հայրենասեր, քան ձեր անմեղսունակ զավակը, փեսան կամ բարեկամը: Սա է իրական հայրենասիրությունը և իրական զոհաբերումը, ինչին մենք ի զարմանս ինձ պատրաստ չենք, ուստի և զոհաբերում ենք հայրենիքը:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031