«Այսօրվա խնդիրներն են՝ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության հաստատումը որպես սոսկ զինադադարի փաստաթուղթ, պետական կառավարման ճգնաժամի հաղթահարում, գերիների եւ անհետ կորածների խնդրի հրատապ լուծում: Օր առաջ գործող վարչակազմը պետք է դադարեցնի իրավական եւ այլ բռնությունների կիրառումը»,- «Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնած «Պարտությունից հաղթանակ» խորագրով հանրային լսումների ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Արա Պապյանը՝ ներկայացնելով «Ազգային ժողովրդավարական բեւեռի» դիրքորոշումն ու ճանապարհային քարտեզն իրավիճակի վերաբերյալ:
Արա Պապյանը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Պետական կառավարման համակարգը վերագործարկելու եւ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ մեր ճանապարհային քարտեզը հետեւյալն է. Փաշինյանը հայտարարում է հրաժարական տալու եւ պետական կառավարման համակարգի վերագործարկմանն աջակցելու իր պատրաստակամության մասին: Հակառակ դեպքում ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է ուղիներ գտնեն՝ հնարավորինս անցնցում կերպով նրա հրաժարականին հասնելու համար: Փաշինյանը հրաժարական պետք է տա, եւ նախագահի համալրմամբ քաղաքական ուժերը պետք է սկսեն խորհրդակցություններ՝ անցումային կառավարության ձեւավորման արդյունքներով: Ազգային ժողովը նշյալ քայլի ներկայացրած կազմից պետք է ձեւավորի հակաճգնաժամային կառավարություն: Եթե ԱԺ-ն հրաժարվում է, ապա հակաճգնաժամային կառավարությունը կազմավորվում է նախագահի եւ ժողովրդի կամքով»:
«Ազգային ժողովրդավարական բեւեռի» ճանապարհային քարտեզով ամրագրված է նաեւ, որ անցումային կառավարությունը միջազգային իրավունքի փաստաթղթերի հիման վրա պետք է հստակեցնի ՀՀ առաջին հանրապետության ինքնիշխանության սահմանները, պատրաստի հակընդդեմ հայց, եթե Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում պահանջի. «Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ եռակողմ հայտարարությունում ՀՀ սահմանների հանդեպ պահանջներն անօրինական եւ անհամաչափ: Անհրաժեշտ է նաեւ բազմաբեւեռ դարձնել ՀՀ արտաքին քաղաքականությունը, կարճ ժամկետում մշակել եւ հանրաքվեի դնել նոր սահմանադրության նախագիծ, մշակել նոր ընտրական օրենսգիրք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ