Կորոնավիրուսի համավարակն ի ցույց դրեց մեր հասարակություններում առկա խոր արատները՝ արմատավորվելով բոլոր այն տեղերում, որտեղ հայտնվել է, եւ ամենուրեք սաստկացնելով անհավասարությունները։ Սակայն, քանի դեռ մենք չենք թուլացրել բնության նկատմամբ մեր «աքցանները», դա չի լինի վերջին ճգնաժամը, որին կբախվենք, պնդում է Մարդկային զարգացման զեկույցի 30-րդ հոբելյանական թողարկումը, որը վերնագրված է՝ «Հաջորդ սահմանը. մարդկային զարգացումը եւ անթրոպոգեն դարաշրջանը»։ Զեկույցը պարունակում է մարդկային առաջընթացի վերաբերյալ մի նոր փորձարարական համաթիվ, որը հաշվի է առնում երկրների կողմից ածխաթթու գազի արտանետումները եւ հումքի արդյունահանման ծավալները։
Այն ժամանակ, երբ մարդկությունն ու Երկիր մոլորակը մուտք են գործում մի կատարելապես նոր երկրաբանական դարաշրջան՝ անտրոպոցեն կամ մարդկանց դարաշրջան, ժամանակն է, որ բոլոր երկրները, ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ, վերաձեւեն մարդկային առաջընթացի հասնելու իրենց ուղիները՝ լիարժեքորեն հաշվի առնելով այն վտանգավոր ճնշումները, որոնց ենթարկում ենք մեր մոլորակը, եւ վերացնել իշխանության ու հնարավորությունների այն խոշոր անհավասարակշռությունները, որոնք թույլ չեն տալիս, որ տեղի ունենան փոփոխություններ։
Այս գաղափարի ցուցադրության նպատակով զեկույցն իր մարդկային զարգացման համաթվի (ՄԶՀ) նկատմամբ կիրառում է մի նոր փորձարարական պրիզմա։ Այն բանից հետո, երբ ՄԶՀ-ն (չափում է տվյալ պետության ներսում առողջապահության ու կրթության վիճակը եւ կենսամակարդակը) ճշգրտվել է, եւ դրան ավելացվել է երկու լրացուցիչ բաղադրիչ՝ ածխաթթու գազի արտանետումները եւ բնական պաշարների սպառումը տվյալ երկրի կողմից, նոր համաթիվը ցույց է տալիս, թե ինչպես կփոխվեր զարգացման գլոբալ պատկերը, եթե թե՛ մարդկանց բարեկեցությունը եւ թե՛ մոլորակի բարեկեցությունը դրվեին մարդկության առաջընթացի սահմանման առանցքում։ Ըստ մոլորակի վրա ճնշումների ճշգրտված ՄԶՀ-ի (ՄՄԶՀ) արդյունքում առաջ է գալիս մի նոր գլոբալ պատկեր, որը ցույց է տալիս, որ աշխարհում ոչ մի երկիր չի հասել մարդկային զարգացման բարձր մակարդակի եւ մոլորակի վրա ճնշումների ցածր մակարդակի կախարդական համադրությանը։
«Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման մասին դրական նորությունների տարածման պայմաններում՝ աշխարհը շուտով կսկսի հաղթահարել համավարակը, սակայն ոչ մի դեպքում չպետք է լինի վերադարձ «հին նորմալ իրավիճակ»-ին։ Ավանդական աշխատաձեւը պարզապես կենսունակ չի լինի։ Առկա է սերնդի համար մի եզակի հնարավորություն՝ ընտրել փոփոխության ճանապարհը։ Մարդկային զարգացումը, որը կենտրոնացած է ընտրության հնարավորությունների եւ ազատության ընդլայնման շուրջ, մարդկության եւ Երկիր մոլորակի համար տալիս է առաջ շարժվելու մի նոր ուղի։ Մեր նպատակն է, որ մարդիկ եւ մեր մոլորակը բարգավաճեն միասնաբար, բոլոր երկրները հասնեն մարդկային զարգացման բարձր մակարդակի, որի դիմաց վճարված գինը չի լինի Երկիր մոլորակը», – նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
Կարդացեք նաև
Զեկույցն առանձնացնում է իրական ու տեւական փոփոխության հասնելու երեք հիմնական բաղադրիչ՝ աշխատել բնության հետ, այլ ոչ թե ընդդեմ բնության, կատարելագործել շարժառիթները եւ փոփոխության ենթարկել սոցիալական նորմերը։
Մարդկային զարգացման 2020 թ. զեկույցը ներկայացնում է 2019 թ. ՄԶՀ ցուցանիշները 189 երկրների եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար։ ՄԶՀ-ն ամփոփ ցուցիչ է, որի միջոցով գնահատում են երկարաժամկետ առաջընթացը մարդկային զարգացման երեք հիմնական չափումներում՝ երկարատեւ ու առողջ կյանք, որը չափվում է կյանքի սպասվող տեւողությամբ, գիտելիքի հասանելիություն եւ արժանապատիվ կենսամակարդակ։ Ապակողմնորոշիչ է արժեքներն ու զբաղեցրած դիրքերը համեմատել նախկինում հրատարակված զեկույցներում հաշվարկված արժեքների ու դիրքերի հետ, քանի որ կատարվել են որպես հիմք օգտագործված տվյալների վերանայումներ եւ թարմացումներ, ինչպես նաեւ ճշգրտվել են չափանիշները։
Հայաստանի ՄԶՀ-ի արժեքը 2019 թվականին կազմել է 0.776, ինչի շնորհիվ երկիրը տեղ է զբաղեցրել մարդկային զարգացման բարձր սանդղակում, 189 երկրների եւ տարածքների շարքում գրավելով 81-րդ տեղը։ 1990-ից մինչեւ 2019 թվականը Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը ծնվելիս ավելացել է 7.2 տարով, կրթության միջին տեւողությունն ավելացել է 1.2 տարով, իսկ կրթության սպասվող տեւողությունն ավելացել է 2.2 տարով։ 1990-ից մինչեւ 2019 թվականը Հայաստանի համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) մեկ շնչի հաշվով ավելացել է մոտ 167.6 տոկոսով։
Հայաստանի 2019 թվականի ՄԶՀ 0.776 ցուցանիշը գերազանցում է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների ՄԶՀ-ի 0.753 միջին ցուցանիշը, սակայն զիջում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ՄԶՀ-ի 0.791 միջին ցուցանիշին։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանը համեմատվում է Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, որոնք ըստ իրենց ՄԶՀ-ի զբաղեցրել են, համապատասխանաբար, 88-րդ եւ 61-րդ տեղերը։ Թուրքիան եւ Իրանը զբաղեցրել են 54-րդ եւ 70-րդ տեղերը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը։
2010 թվականին ներկայացվեց Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթիվը (ԱՄԶՀ), որը ՄԶՀ-ն է՝ հանած անհավասարությունները։ Հայաստանի ԱՄԶՀ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 0.699. արձանագրվել է 9.9 տոկոսի չափով կորուստ՝ ՄԶՀ չափման ցուցանիշների բաշխման անհավասարության պատճառով։ Ադրբեջանի եւ Վրաստանի դեպքում անհավասարության հետեւանքով արձանագրված կորուստները կազմել են, համապատասխանաբար, 9.5 տոկոս եւ 11.8 տոկոս։ Անհավասարության հետեւանքով կորստի միջին չափը ՄԶՀ բարձր ցուցանիշ ունեցող երկրների դեպքում կազմել է 17.9 տոկոս, իսկ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպքում՝ 11.9 տոկոս։
Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջության, հնարավորությունների ընդլայնման եւ տնտեսական ակտիվության ոլորտներում գենդերահեն անհավասարություններին, ապա Գենդերային անհավասարության համաթվի (ԳԱՀ) Հայաստանի ցուցանիշը կազմել է 0.245, ինչի արդյունքում 2019 թվականին Հայաստանը 162 երկրների շարքում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը։ Հայաստանում խորհրդարանական մանդատների 23.5 տոկոսը պատկանում է կանանց, իսկ չափահաս կանանց 97.3 տոկոսը ստացել է նվազագույնը միջնակարգ կրթություն, մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշը կազմում է 97.2 տոկոս։ Յուրաքանչյուր 100,000 ծնունդի դիմաց 26.0 կին մահանում է հղիության հետ կապված բարդություններից, իսկ դեռահասների շրջանում ծնելիության մակարդակը կազմում է 21.5 ծնունդ 15-19 տարեկան 1,000 կնոջ հաշվով։ Աշխատուժի շուկային կանանց մասնակցության մակարդակը 47.1 տոկոս է՝ տղամարդկանց մասնակցության 65.9 տոկոսի համեմատությամբ։ Համեմատության համար՝ Ադրբեջանը եւ Վրաստանն ըստ այս համաթվի զբաղեցրել են, համապատասխանաբար, 73-րդ եւ 76-րդ հորիզոնականները։
2019 թվականի ՄԶՀ գլոբալ ցուցանիշներով առաջատար դիրքեր են զբաղեցրել Նորվեգիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը եւ Իսլանդիան։ ՄԶՀ դասակարգման ամենաստորին հատվածում հետեւյալ երկրներն են՝ Բուրունդի, Հարավային Սուդան, Չադ, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն եւ Նիգեր։
2020 թ. Մարդկային զարգացման զեկույցի եւ ըստ մոլորակի վրա ճնշումների ճշգրտված փորձարարական ՄԶՀ-ի շուրջ ՄԱԶԾ-ի վերլուծության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Hdr.undp.org:
ՄԱԶԾ-ն Միավորված ազգերի կազմակերպության առաջատար կազմակերպությունն է, որը պայքարում է աղքատության անարդարությանը, անհավասարությանը եւ կլիմայի փոփոխությանը վերջ դնելու նպատակով։ Աշխատելով 170 երկրներում փորձագետների եւ գործընկերների մեր ընդարձակ ցանցի հետ՝ մենք պետություններին օգնում ենք ստեղծել միասնական, տեւական լուծումներ մարդկանց եւ Երկիր մոլորակի համար։
Հայաստանում ՄԱԶԾ-ի գրասենյակը հիմնադրվել է 1993 թվականին եւ աջակցում է կառավարությանը՝ կենսագործել զարգացման իր գերակայությունները եւ Կայուն զարգացման նպատակները։
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ