Ինչպես հայտնի է՝ երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, որոնցից 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս ողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է մեր հայրենակիցների կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվորեն կապի մեջ է եղել գերեվարված անձանց հարազատների հետ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն գերատեսչություններին, միջազգային գործընկերներին և իրավապաշտպաններին, որոնք համագործակցել և շարունակում են համագործակցել Գրասենյակի հետ՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների իրավունքների։
Անվտանգության նկատառումներից, ինչպես նաև իրավասության առանձնահատկություններից ելնելով՝ մեր կողմից իրականացված ոչ բոլոր աշխատանքներն են ամենօրյա կտրվածքով հրապարակվում, ինչի առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։
Կարդացեք նաև
Հ․Գ․ Հորդորում ենք զերծ մնալ վերադարձած անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց և շրջանառելուց։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ