Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում նշվել է չլուծված հակամարտության հանգամանքը եւ սահմանների դեմարկացիա չի արվել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2020 12:18

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի կապիտուլյացիայի ակտից հետո կարելի է լսել եւ սպասել այնպիսի բաներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ ֆանտաստիկայի ժանրից կլինեին։ Ադրբեջանցիների «Ուրալը» Գորիսում է, ադրբեջանցիները ճաշում են Վարդենիսի ռեստորաններից մեկում, մեկ այլ վայրում՝ առեւտուր անում, նրանք Ջերմուկի մոտ զորամաս են կառուցում եւ հայերիս վերջնաժամկետ են տվել։ Պատերազմի 44-օրյա ստերից հետո որեւէ մեկը որեւէ պաշտոնական հերքման ու տեղեկատվության չի հավատում․ եթե նույնիսկ ճշմարիտ են ՊՆ-ի ու պետական օղակների հաղորդագրությունները, վիճակը, կարծես, նմանվում է հայտնի առակին, երբ ստախոսն ասում է՝ տունս այրվում է, այլեւս ոչ ոք նրան չի հավատում եւ չի գալիս օգնության։

Շրջանառվող տեղեկություններից մեկն այն է, թե Սեւանի աջ ափին դեպի Կարմիր ուղղությամբ մեր կողմից ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, զիծառայողներն անհանգիստ են՝ սպասումների մեջ, թե շուտով այս դիրքերը լքելու հրաման է տրվելու։ Մյուս կողմից՝ ՀՀ վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտուն հարող ՀՀ սահմանների ճշգրտման աշխատանքներ են տարվում։ Եվ, զուգահեռաբար, նման խոսակցություններ են շրջանառվում նաեւ Վարդենիսին հարող տարածքների վերաբերյալ։ Հիմա այստեղ պետք է սահմանազատում արվի, քանի որ Քարվաճառն այլեւս Ադրբեջան է։

Հարցին, թե եղե՞լ է հրաման, որ Շորժայի՝ դեպի Կարմիր տանող հատվածում ինժեներական աշխատանքներ չտարվեն, պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը չցանկացավ պատասխանել՝ պահանջեց գրավոր հարցում։ Ասաց նաեւ՝ պետք է նշվի կոնկրետ տեղանք, քանի որ «Սեւանի աջ ափ»՝ նշանակում է մի քանի տասնյակ կիլոմետր։ Ալթունյանի հավելմամբ, հայ-ադրբեջանական սահմանի այս  հատվածի երկայնքով ներկայումս իրականացվում է սահմանազատում, եւ այնտեղ, բնականաբար, պետք է մարտական հենակետեր լինեն։ «Այնտեղ արդեն իսկ կան տեղակայված դիրքեր, ինչի մասին Գլխավոր շտաբի պետի տեղակալը հայտարարել է իր ասուլիսում։ Եվ այդ աշխատանքները շարունակաբար արվում են, «Զինուժը» նկարում է, ցույց է տալիս»,- այսքանն  ասաց Ալթունյանը։

ՀՀ ԶՈւ շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով  այն հարցին, որ նշված հատվածում նոր ինժեներական կառույցների աշխատանքներ չեն իրականացվում, ասաց․ «Այնտեղ ինչ որ արվել է, կա՛մ բավարար է, կա՛մ անում են, էդպիսի բան չկա, որ պետք է արվի, բայց չի արվում, մանավանդ՝ Գեղարքունիքի հատվածում։ Ես էնտեղ նման բան չեմ տեսել, որ ինչ-որ գործ չանեն՝ հանձնելու կամ բանի համար․․․ Դա ճիշտ տեղեկատվություն չէ, միայն ավելորդ լարվածություն ու ներվատրյոպկա ստեղծելու համար սուտ տեղեկատվություն է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Վարդենիսի հատվածում Ադրբեջանի հետ մեր սահմանին, որը սկսվում է Քարվաճառի հատվածից, Սոթքի լեռնանցքից մինչեւ Ջերմուկ ու Գորիս, որքան հենակետեր պետք է դրվեն, Արտակ Դավթյանը պատասխանեց՝ դա թելադրում է տեղանքը, կարող է լինել ամեն 100 մետրի վրա, կարող է՝ 3 կիլոմետրը մեկ։ «Էդպես՝ նորմատիվներ չկան, ըստ տեղանքի եւ ըստ հրամանատարների որոշման»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը։

Մյուս կողմից, արդյոք այս գործընթացն ապօրինի չէ՞, եթե Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ մեր երկրի սահմանները։ Պարզվում է՝ ի տարբերություն Թուրքիայի, որն առաջիններից մեկն է ճանաչել ՀՀ անկախությունը, Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը, թեեւ 1992-ին Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելիս Հայաստանը եւ Ադրբեջանն ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, իսկ ՄԱԿ-ը պետություններին անդամագրում է որոշակի սահմաններով։ Սովորաբար սահմանակից պետությունները նշում են, որ միմյանց նկատմամբ սահմանային հավակնություններ չունեն։

Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում նշվել է չլուծված հակամարտության հանգամանքը, եւ սահմանների դեմարկացիա չի արվել, քանի որ այն լինում է միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների միջեւ։ Եվ սա վերաբերել է ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանի անկլավային գյուղերին։

Անուշ
ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031