ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց որոշումը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ «մահափորձի» գործով:
Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ դատախազության դիմումը՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Հիշեցնենք, Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի դեմ «կազմակերպված մահափորձի» գործով: Այս գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին եւ ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին: Մեղադրանքն առաջադրվել է ԱԱԾ-ի հրապարակած հեռախոսազրույցի ձայնագրության հիման վրա:
Ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր համարել այս գործով ձերբակալությունները: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
Վահրամ Բաղդասարյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման որոշումը միանգամայն տրամաբանական է, քանի որ առաջին ատյանի դատարանը Վահրամ Բաղդասարյանի թե ձերբակալությունը, թե կալանավորումը մերժել էր ոչ իրավաչափության հիմքով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Վահրամ Բաղդասարյանն ու Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» դեկտեմբերի 14-ի երթից հետո: