Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջ Հայաստանը ոչ միայն իր, այլև Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, հիմա նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ. Սուրեն Սարգսյան. «Փաստ»

Դեկտեմբեր 15,2020 11:35

Տարածաշրջանում անվտանգային բոլոր բալանսները խախտվել են, չի գործում անվտանգային նախկին համակարգը: Նոր համակարգ էլ, ըստ էության, գոյություն չունի: Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներկա իրավիճակից բխող վտանգներին, դրանցից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությանը: «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ մենք ինքներս չենք կարողանում ապահովել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգությունը: Եթե առաջ Հայաստանը ոչ միայն իր, այլև Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, հիմա նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ: Ի դեպ, դրա մասին փաստում է վերջին օրերի ադրբեջանական ակտիվությունը՝ ամենատարբեր ուղղություններով»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը:

Ըստ նրա, վերոնշյալը մեկ բացատրություն ունի. «Ադրբեջանը, տեսնելով, որ մենք ունակ չենք որևէ բան անելու, սկսել է ակտիվանալ ու պոկել այն, ինչ հնարավոր է: Եվ քանի չկա դիմադրություն, Ադրբեջանը տանելու է առավելագույնը: Խոսում են Սևանի, Երևանի մասին, որոնք բնավ հայտարարություն չեն: Դա, մեծ հաշվով, պլանավորում է: Այսինքն, կոնկրետ գործողություն է պլանավորել՝ տանել այն, ինչ հնարավոր է: Քանի դեռ չունենք աշխատող պետություն, պետական կառավարման համակարգ, ես դժվարանում եմ ասել՝ մենք կկարողանա՞նք որևէ մարտահրավերի դիմակայել, թե ոչ»: Սուրեն Սարգսյանի խոսքով, վտանգները, բնականաբար, այս պարագայում շատ- շատ են:

«Վտանգված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն Արցախինը զավթել է և ցանկություն ունի զավթելու նաև ՀՀ-ի հնարավոր հատվածները: Մասնավորապես՝ Սյունիքը՝ ուղիղ կապ ունենալու Նախիջևանի, հետևաբար, նաև Թուրքիայի հետ»,-նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի դիտարկմամբ, հիմա տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, իրականում չի ավարտվել. «Դեռևս փոխհրաձգություններ են լինում, բացի այդ, ադրբեջանցիները փորձում են ամրացնել իրենց դիրքերը հենց Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ:

Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիները ցանկություն ունեն առաջ գալ նաև Արցախում: Այնպես որ, այս ամենը նոր է սկսվել, և այս ամենը դեռ չի ավարտվել: Միգուցե ռազմական գործողությունների ակտիվ փուլը վերջացել է, բայց, ըստ էության, կարող ենք ֆիքսել, որ հիմա ռազմական գործողությունների ոչ ակտիվ փուլ է: Եվ կարող ենք պնդել, որ էֆեկտիվ կառավարման ու ընդհանրապես պետական համակարգի աշխատանքի բացակայությունն ամենավատ հետևանքներն է բերելու, որոնք, ի դեպ, այսօր արդեն իսկ առկա են»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031