Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետ․ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ չլիներ

Դեկտեմբեր 15,2020 10:27

«Այսօր մեզ համար լրջագույն խնդիր է դարձել բնակչության անվտանգության ապահովումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նա ընդգծեց, որ Սյունիքը վտանգված է։ Եվ ըստ նրա, այսօր ամենալուրջ խնդիրը սահմանների ճշգրտումն է․ «ԽՍՀՄ տարիների սահմաններով սահմանազատում իրականացնելը հատկապես մեր՝ կապանցիներիս համար անվտանգության տեսակետից շատ լուրջ խնդիր է։ Այդ դեպքում ամենամոտ բնակելի հատվածից սահմանի հեռավորությունը կլինի մոտ 1 կմ։ Եվ բնական է, որ այդ առումով միանշանակ կարող եմ ասել, որ մեր բնակչությունը վտանգված կլինի։ Եվ այս ամենի մեջ պատերազմի լինելը ես ուղիղ կապում եմ հենց մեր վարչապետի հետ, վարչապետի վարած քաղաքականության հետ, ինչպես նաև մեր կառավարության վարած քաղաքականության հետ։ Եվ դրա արդյունքում ստեղծվել է մեր Կապանի համար այս ծանր իրավիճակը»։

Գևորգ Փարսյանը հիշում է 90-ականներին ադրբեջանցիների հետ ապրելու փորձը․ «Այն ժամանակ էլ մոտ տարածության վրա գտնվելով թուրքերը ահաբեկում էին կապանցիներին։ Ե՛վ ահաբեկում էին, և՛ մարդ էին առևանգում, գերի էին վերցնում, գողություններ էին անում, ինչ ասես, թե չեն արել՝ վատ իմաստով։ Եվ ես, իրականում, անհանգստանում եմ, որ կարող է նույն պատմությունը կրկնվի։ Դրա համար անթույլատրելի եմ համարում, որ սահմանազատումը իրականացվի նախկին ձևաչափով․ անվտանգության գոտի անպայման պետք է պահպանվի»։

Նա նշեց, որ հոկտեմբերի 18-ից իրենք սկսել են կազմակերպել իրենց համայնքի ինքնապաշտպանությունը․ «Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝ ելնելով 90-ականների փորձից մենք կառուցել ենք այդ անվտանգության գոտին։ Այսինքն՝ դիրքավորվել ենք նախկին սահմաններից կիլոմետրեր առաջ՝ ապահովելով այդ անվտանգության գոտին՝ սահմանների միջև հեռավորությունը՝ հասկանալով, որ այդ անվտանգության գոտին ապահովելու դեպքում, բնակչությանը վտանգ չի սպառնում։ Ամսի 9-ին կնքվեց համաձայնագիրը։ Համաձայնագրի առաջին կետով հստակ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են։ Մեր տարածաշրջանում հարակիցը Զանգելանի շրջանն է։ Համաձայնագրում հստակ նշված է, որ Ադրբեջանին անցնում է երեք շրջան՝ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մասին խոսք չկա։ Այսինքն՝ արդեն իսկ տրամաբանական է այնքանով, որ եթե մենք համարում ենք Լեռնային Ղարաբաղը յոթ շրջանով կոնֆլիկտային գոտի և առաջին կետով ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային գոտում երկու կողմերի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, հենց Զանգելանի շրջանն էլ է համարվում է այդպիսի գոտի։ Եվ մենք կանգնել ենք մինչև նոյեմբերի 10-ը՝ կռիվ տալով, առանց հետնահանջի և պետք է մնանք այս հատվածում կանգնած»։

Գևորգ Փարսյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ չլիներ․ «Ինչո՞ւ նա բերեց հասցրեց սրան, որ այս պատերազմը լինի, և մենք էլ հասնենք այս վիճակին։ Նա պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ չլիներ։ Այն պարագայում, որ իր մոտ կար հստակ պատկերացում, որ մենք ի վիճակի չենք պայքարելու Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի դեմ։ Եվ դրա արդյունքում կապանցիները կանգնել են այս վտանգի առջև։ Հիմա, երբ ունենք այս անվտանգության գոտին, պետք է այն պահել»։

Այն պահելու համար պետք է աշխատեն կառավարությունը և դիվանագետները։ Սակայն, Գևորգ Պարսյանը չի կարծում, որ իրենք ի վիճակի կլինեն այս հարցը լուծել։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031