Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգությամբ արաբ դատապարտյալը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին

Դեկտեմբեր 15,2020 10:08

ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար մեղավոր ճանաչված ու 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Սիրիայի Հանրապետության քաղաքացի Ջեան Հադադի համոզմամբ, Հայաստանն անտարբեր է իր՝ որպես օտարերկրացու ճակատագրի նկատմամբ։

«Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելուս ժամանակն է, դատս հետաձգվել է պատճառաբանությամբ, որ դատախազները ծանրաբեռնված են»,–ասում է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող 40-ամյա դատապարտյալը։

Վերջինիս խոսքով, Սիրիայում, հաստատ այդպես չեն վարվի հայերի հետ։ «Ազատությանս հարցն է քննարկվում, հիվանդ թոշակառու ծնողներ ունեմ։ Միակ խնամողը ես եմ։ Եղբայրս զոհվել է Սիրիայում մղվող պատերազմում, տեռորիզմի դեմ պայքարում: Կազմավորել էր Հալեպի քրիստոնյաների ջոկատը եւ նրա հրամանատարն էր»,-ասում է Ջեանը։

17 տարեկան էր մեր զրուցակիցը, երբ միայնակ Հայաստան եկավ՝ սովորելու նպատակով։ Դեղագործ է մասնագիտությամբ։ Ջեանը հայուհու հետ է ամուսնացել։ «Կիսով չափ հայ եմ, հայերենին վարժ տիրապետում եմ, գոնե այդ կողմից դատախազը նայի հարցին»,-նշում է ազգությամբ արաբ դատապարտյալը։

Ազատության մեջ վերջինս իր սեփական բիզնեսն է ունեցել, իր խոսքով՝ Հայաստանում ներդրումային ծրագրեր է արել։

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ քրեակատարողական ծառայության կողմից տրված զեկույցը դրական է, պրոբացիայի ծառայությանը՝ բացասական։ «Մանրամասներ չասեմ, բայց առանձին քննության առարկա եմ դարձնելու նաեւ պրոբացիայի զեկույցը, միայն նշեմ, որ այդ ծառայությունը իմ նկատմամբ անփույթ է գտնվել ու, իմ կարծիքով, բարեխիղճ չի աշխատել»,–ասում է Ջեանը։

Ավելացնենք նաեւ, որ մեր զրուցակիցը այն եզակի դատապարտյալներից է, որ պատժի կրման ընթացքում ոչ մի կարգապահական տույժի չի ենթարկվել։

Ջեան Հադադը գրավոր նամակով դիմել է նաեւ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նամակում նա մասնավորապես՝ կարեւորելով հայ-սիրիական բարեկամական կապերը, խնդրել է ուշադրության կենտրոնում պահել իր հարցը։ «Համոզված եմ, որ պարոն Դավթյանը չի մերժի խնդրանքս, եւ այս անգամ՝ դեկտեմբերի 21-ին, դատախազը կմասնակցի նիստին»,–համոզված է Սիրիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031