18-ամյա Կարեն Խլոպուզյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ է: Մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից երիտասարդը կորցրել է 2 ձեռքը:
Կարենը պատերազմին հասցրել է մասնակցել մի քանի օր՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը: Իր հետ պատահած դեպքի օրը ծառայակից ընկերոջ հետ խրամատում են եղել: Թե ինչպես է վիրավորում ստացել, Կարենը կրկին մի քանի բառով է ներկայացնում. «Խրամատում էինք, կողքիս մի տղա էլ կար, էդպես, գցեցին տրաքեց… ասկոլկեքից էնա սենց էղա»:
Կարենին օգնության է հասել մոտակայքում գտնվող կամավորներից մեկը։ «Բռոնիկիցս քաշելով տարավ, հետո գնդապետի հետ մեքենա դրեցին ու տեղափոխեցին Ստեփանակերտ, վիրահատեցին, նոր բերեցին Երեւան»,- պատմեց Կարենը։ Նա վիրավորվելուց հետո գիտակցությունը չի կորցրել եւ տեսել ու զգացել է իր հետ ամբողջ կատարվածը։
Թե ով պարտվեց կամ ով հաղթեց, 18-ամյա Կարենը դժվարանում է ասել, բայց վստահեցնում է՝ զինվորն այս կռվում միակ հաղթողն է։ «Սա պարտություն չէր… մեր զինվորը հաղթել է էս կռվում, հաղթել է, բա ինչ է արել… մի քանի երկրի դեմ մեր պուճուր ազգով կռվելը… սա պարտություն չէր, եթե մենակ օդը կարողանային փակել, մենք կհաղթեինք միանշանակ: Եթե ավտոմատի կռիվ լիներ, իրենցից մարդ չէր մնա հաստատ: Զինվորներիս դուխը լավ էր, ճիշտ է, շատերս 2-3 ամսվա ծառայող էինք, բայց դուխներս տեղն էր, չէինք վախենում»,- պատմեց Կարեն Խլոպուզյանը:
Կարդացեք նաև
Թե ինչպես կդասավորի իր հետագա կյանքը, դեռ դժվարանում է ասել, բայց անգամ այդ անորոշության պայմաններում 18 տարեկան հասակում արդեն իսկ պատերազմ տեսած ու նույն այդ պատերազմում 2 ձեռքը կորցրած Կարենի դեմքից ժպիտը չի պակասում։ «Հաստատ լավ է լինելու, որ փրկվել եմ, արդեն լավ է»,- լավատեսությամբ փաստեց երիտասարդը։
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում