«Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված երթի ժամանակ ասաց ընդդիմության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ինքը չի տեսնում բավարար կամարտահայտություն ժողովրդի կողմից՝ Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Դե ինքը շատ բան չի տեսնում, ինքը այնքան բան չտեսավ, որ մեր երկիրը կործանեց»: Նա ասաց, որ անում են այնպես, որ Փաշինյանը անցնում հեռանա:
Ըստ Վազգեն Մանուկյանի, հարց դրված չէ՝ ով կմիանա ում՝ ԼՀԿ թեկնածու Էդմոն Մարուքյանը իրե՞ն, թե՞ ինքը Մարուքյանին, հարցը դրված է նախ հեռացնել Փաշինյանին, ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն եւ կազմակերպել ընտրություններ:
Հարցին՝ հանդիպել եք Մարուքյանի հետ, ընդհանուր օրակարգ հնարավո՞ր է ձեւավորվի՝ Մանուկյանը պատասխանեց. «Միգուցե, մի հանդիպումով ոչ մի հարց չի լուծվում»: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, որքան տեսնում ենք, հրաժարական տալու մտադրություն չունի, դուք այս բողոքի ցույցերով ինչի՞ եք հասնելու՝ Մանուկյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ ինքը մինչեւ կյանքի վերջը մնալու է այնտե՞ղ: Ինքը երբեւէ չի ունենա իշխանությունից հրաժարվելու ցանկություն, իր ցանկությունով չի, ժողովրդի ցանկությունով է: Մենք այժմ ձեւավորում ենք ժողովրդի ցանկությունը»:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցներն էլ հասան մինչեւ կառավարության շենք:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մոտենում ենք կառավարության շենքին, Նիկոլին առաջարկում ենք, եթե այնտեղ է, թող պատուհանից նայի, հարցնում էր, ասում էր՝ ո՞ւր է ժողովուրդը, հեսա ժողովուրդը, արա՛, հելի ու նայի»:
Նա ասաց, որ Փաշինյանն իր հետագա կյանքն անցկացնելու է փշալարերի հետեւում, բունկերներում, նկուղներում, որովհետեւ ՀՀ արժանապատիվ քաղաքացին նրան թույլ չի տալու մնալ այդ շենքում ու վերջնականապես կործանել մեր ժողովրդին, մեր պետականությունը. «Դու ամեն օր, ամեն ժամ քո պատուհանի տակ լսելու ես հայ ժողովրդի բողոքի եւ զայրույթի ձայնը»:
Ավելի ուշ տեղեկացան, որ Փաշինյանը կառավարության շենքում չէ: Սաղաթելյանը եզրակացրեց, որ նա «փախել է». «Նիկոլ, դու քո ողջ կյանքը անցկացնելու ես փախուստի մեջ»:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ժամը 18։30-ի սահմաններում նա մեկ տասնյակից ավելի ոստիկանական և պահակային ծառայություն իրականացնող մեքենաների, զինված անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շտապել է կառավարական առանձնատուն։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ