«Քիչ առաջ խոսում էի Խնձորեսկի համայնքապետի հետ: Պատկերացրեք որտեղ է Խնձորեսկը: Մեկ շաբաթ առաջ թուրքը Խնձորեսկից ընդամենը 600 մետրի վրա էր: Ինչ է ասում համայնքապետը՝ այսօր թուրքը բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել է՝ հետ եք քաշվում, որովհետեւ GPS-ով սա մեր սահմանն է: Հարցնում եմ համայնքապետին՝ հայկական զորքերը կանգնա՞ծ են ի պաշտպանություն ձեզ, ասում է՝ ոչ, համայնքի բնակիչներն են Հայաստանի սահմանին, այն սահմանին, որտեղ Նիկոլը թուրքին բերեց ու մտցրեց մեր տունը: GPS-ով գծվող հայրենիք, չկա այսպիսի բան, որ թուրքը կանգնի որոշի որն է իր սահմանը: Ու այդ սահմանը ամեն օր, ամեն ժամ նվաճվում է»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից կառչած է, ամեն օր, ամեն ժամ մենք ունենալու ենք GPS-ով գծվող հայրենիք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. «Փաստերի ստուգման հարթակը» ավելի ուշ կապ է հաստատել Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ՝ պարզելու, թե արդյոք հակառակորդի կողմից Խնձորեսկից հետ քաշվելու պահանջ դրվե՞լ է։ Սակայն համայնքապետը հայտնել է, որ ինքը չի խոսել Զոհրաբյանի հետ։
«Նման բան չկա, մենք չենք էլ խոսել, ես տեսած էլ չկամ իրան (Նաիրա Զոհրաբյանին- խմբ․)»,- ասել է համայնքի վարչական ղեկավարը՝ հավելելով, որ բնակիչներին նման պահանջ չի ներկայացվել։