«Իրավապահ համակարգը 2,5 տարի կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ ասֆալտին փռելով, պատերին ծեփելով ու մնացած իր բառապաշարի մեջ առկա բառերով: Եվ այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը ասֆալտին է փռվել թուրքի կողմից, նա շարունակում է ակնկալել, որ նրանք կկատարեն իր հրահանգները ու կպայքարեն ՀՀ արժանապատիվ քաղաքացիների դեմ»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի երթի ժամանակ ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց,որ այս օրերին մամուլում հայտնի են բազմաթիվ տեղեկություններ, որոնք վկայում են հանցագործությունների կատարման մասին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից. «Խիստ անհրաժեշտ է, որ իրավապահ համակարգը ցույց տա, որ ինքը ոչ թե պատվեր կատարող է դավաճանի, այլ ծառայում է ՀՀ քաղաքացու շահերին, որովհետեւ վճարվում է նաեւ մեր հարկերից: Կոչ եմ անում, որ ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության, ոստիկանության ծառայողները ցույց տան, որ իրենք էլ հայրենիք ունեն, այդ հայրենիքը մենակ իմը, կամ Իշխանինը, կամ մյուսներինը չէ»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ դիմեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. «Ժամանակն է դադարես լինել Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը ու անհարմար վիճակի մեջ դնես նաեւ քո աշխատողներին: Կոչ ենք անում այս պահից շարժվել օրենքով, չկատարել նրա հրահանգները, հակառակ դեպքում մյուս անգամ քեզ այցելության կգանք այլ մեթոդներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ