«Նիկոլ Փաշինյանն այս օրերի եւ այս տարիների ընթացքում հասարակությանը բաժանել է իրարից, տարբեր դասակարգումներ է արել: Այսօրվա ելույթն էլ ապացուցեց, որ ինքը իրականում Հայաստանի ժողովրդին բաժանում է երկու խմբի՝ արժանապատվություն ունեցողներ եւ մարդիկ, որոնք չեն ընդդիմանում: Նա համարում է, որ նրանք, ովքեր այսօր այստեղ չեն, իր հետ են»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի երթի ժամանակ ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ սա պայքար է՝ հանուն ՀՀ-ի ու պետք չէ ընդդիմությունից կամ իշխանությունից որեւէ մեկին սիրել. «Նիկոլ Փաշինյանը այս օրերին ցույց տվեց, որ ինքը ոչ մի բանով չի զբաղվում, բացի Ադրբեջանի շահերը սպասարկելուց: Նա ուզում է ստիպել, որ մենք հարմարվենք նրան, որ ադրբեջանցիներն են որոշում ինչ անել, ինչպես անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ