Այս պահին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը նախկին դիրքերին վերադարձնելու ուղղությամբ գործընթացներ են գնում։ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը սակայն, հրաժարվեց մանրամասներ հայտնել այդ գործողությունների վերաբերյալ։ «Ամեն վայրկյան խոսելով՝ խանգարելու ենք գործընթացներին, թողենք ամեն ինչ ավարտվի, հետո կխոսենք»,-ասաց պարոն Խանումյանը։
Դեկտեմբերի 12-ին պարոն Խանումյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով խնդրին, գրել էր՝ թշնամին գրավել էր Հին Թաղերը եւ առաջացել դեպի Խծաբերդ՝ օգտագործելով հրետանի, հայկական կողմն ունի 6 վիրավոր։ Ապա` ռուսական հրամանատարության հետ հանդիպումից հետո կողմերը, ըստ պարոն Խանումյանի, պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ, այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակը, այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային․« Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար»:
Այսօր առավոտյան պարոն Խանումյանը նոր տեղեկատվություն է հայտնել՝ հանդիպել են ռուսական հրամանատարության հետ․ «Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահմանափակ անձնակազմ եւ չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են»։
Թե այս պահին ի՞նչ զարգացումներ կան,արդյոք հակառակորդը վերադարձել է իր նախկին դիրքերին, այդ տարածքից գերիներ ընկածներին վերադարձնելու ուղղությամբ ինչ գործողություն է տարվում, պարոն Խանումյանը չմանրամասնեց, հորդորելով սպասել։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ որոշ աղբյուրներ հայտնում են, որ հայկական կողմից կան զինվորներ, որոնք անտառներում պատսպարված են, եւ դեպքի օրը պաշտպանական գործողություններ են իրականացրել, պարոն Խանումյանը պատասխանեց․ «Նման բաներ հնարավոր է լինեն՝ տարբեր խմբեր ոչ միայն Հադրութի շրջանում, այլեւ տարբեր շրջաններում, այդպես պաշարման մեջ լինեն, փորձեն դուրս գալ, չկարողանան, հանդիպեն թշնամուն, կրակեն իրար վրա, փոխհրաձգություն լինի, որովհետեւ կորածների լուրջ խմբաքանակ կա։ Բայց ավել ոչինչ չեմ կարող ասել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ