Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթ էր կազմակերպվել:
Երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նրանք, ովքեր ասում են՝ Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը: Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունի ու հանդուրժի: Իր կողքը մնացել է մենակ «շիշ բռնողը», Քոչարյան Անդոն ու մի քանի հոգի»: Ըստ Սաղաթելյանի, իշխող խմբակցության անդամները գերի են ընկել Փաշինյանի ձեռքը ու ամեն հարմար առիթի փորձում են ազատվել այդ գրությունից. «Մենք իրենց այդ առիթն ու հնարավորությունը կտանք»:
Դիտարկմանը, որ Փաշինյանը մեղադրեց, որ որոշ ուժեր ապատեղեկատվություն տարածելով՝ փորձում են իշխանության գալ՝ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ով 2,5 տարի խաբել է ժողովրդին, ամեն առավոտ սուտ է ասել, պատերազմի 45 օրերին սուտ է ասել, ինքը ստերի թագավորն է: Նիկոլին եկեք չմեկնաբանենք, լսեք, Նիկոլ չկա այլեւս, անիշխանություն է երկրում, կա ֆեյքերի պարագլուխ: Եթե ինքը չհեռանա՝ պաշտոնը կհեռացնենք իրենից՝այս անհնազանդության երթերի միջոցով: Բազմաթիվ պետական մարմիններ իրենց հանձնարարությունները չեն կատարում այսօր, շարունակելու են չկատարել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ