Հետպատերազմյան ժամանակահատվածում կարևորագույն խնդիրը մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումն է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արաբկիր բժշկական համալիրի պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կօգնեն հաշմանդամություն ստացած զինծառայողներին առողջության վերականգնումից հետո լիարժեք կյանք վարել:
Բժշկական համալիրի ԱրԲեՍ վերականգնողական մասնաճյուղ շրջայցի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Արաբկիր ԲՀ կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը տեղում ծանոթացան արդեն գործող պրոթեզների արտադրամասի աշխատանքներին և հաստատեցին, որ նախատեսված վերազինումը օժանդակելու է հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների առողջության վերականգնմանը:
Այս կենտրոնն ունեցել է մանկական վերականգնողական ուղղվածություն, սակայն այժմ գործում է նաև մեծահասակների առողջության վերականգնման բաժանմունքը:
Բժշկական համալիրը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր նոր մասնաշենքի կառուցման գործընթացը, որն ավարտին կհասցվի գարնանը: Համահայկական հիմնադրամը իր հերթին կապահովի ժամանակակից սարքավորումներ նորակառույց բաժանմունքի համար:
Կարդացեք նաև
Հիմնադրամը դեռ պատերազմի օրերին բանակցում էր միջազգային մի շարք ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են հետպատերազմյան վերականգնողական բուժման համար հոգեբանական աջակցության տրամադրման և պրոթեզավորման/օրթեզավորման սարքավորումների արտադրության ոլորտներում:
Սա կլինի համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ