«Ոչ մի գործակալական ցանցի մասին ինձ հետ քննարկում չի եղել: Գնացեք` իրեն հարցրեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա դժգոհեց, որ տարածված լուրերի հետ կապված ամբողջ գիշեր իրեն էլ են մարդիկ զանգում. «Պատկերացրեք, լուրեր են տարածվել, որ Սեւանը կիսում են; Պատկերացրեք, ես դա իմ ֆեյսբուքյան էջում գրեի՝ քանի որ վարչապետը չի հեռանում, հիմա էլ Սեւանն են կիսում: Հա լավ, ես պատասխանատվություն կիսո՞ւմ եմ, թե՞ չէ»:
Ըստ Մարուքյանի, եթե խոսք է գնում, որ Սյունիքը հանձնում են, կարող էր գոնե Սուրեն Պապիկյանը ասուլիս տար ու հերքեր. «Լռությունը վակուում է առաջացնում ու մարդիկ ասում են՝ արա՜, որ չեն հերքում, ուրեմն հաստատ Սյունիքը, Սեւանը հանձնում են: Երկու գյուղերի վրա հարձակումն եղել է, ամբողջ գիշեր խուճապ, փողոցում ուղղաթիռ է գնում, հաջորդ օրը նոր ՊՆ-ն ասում է լուրը, որ խաղաղապահներ են եկել եւ այլն, բայց հնարավոր չէ՞ր նույն օր անել դա»:
Խոսելով Փաշինյանի հրաժարականի մասին՝ հարցին՝ երկրում այս անկայունությունը չի՞ վերանա, եթե իշխող ուժից այլ թեկնածու լինի ժամանակավոր կառավարության ղեկավար, մինչեւ նոր ընտրություն կկազմակերպվի՝ Մարուքյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ»: Ըստ նրա, իշխող ուժը այլ թեկնածու չի տեսնում, բացի Փաշինյանից:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ են խոսել Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ, այն դեպքում, երբ ինքն էլ է կառավարության ղեկավարի թեկնածու, Մանուկյանն էլ՝ Մարուքյանը պատասխանեց. «Վազգեն Մանուկյանն էլ է պատկերացնում, որ հարցը պետք է խորհրդարանում լուծվի, մեր պատկերացումներում հակասություն չկա: Քննարկել ենք երկրում այս իրավիճակից ելքերը, ես իմ տեսլականն եմ ներկայացրել, ինքը՝ իր, պայմանավորվել ենք շարունակել հանդիպել»: Հարցին՝ հնարավո՞ր է իրար սատարեք վերջում՝ Մարուքյանը պատասխանեց, որ այդ մասին խոսել են ու դա էլ չեն բացառում. «Վարչապետը դեռ հրաժարական չի տվել, ոնց ասում են՝ ձուկը ջրում բազար չեն անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ