Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Շաքարյանը իր` որպես «հասարակության բժիշկ» կայանալու մասին

Դեկտեմբեր 14,2020 16:59

Aravot.am-ը Ֆեմինի նախագծի շրջանակում զրուցել է ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, միջազգային փորձագետ Լիլիթ Շաքարյանի հետ, որը չնայած երիտասարդ տարիքին՝ բազմաթիվ հաջողությունների է հասել:

-Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց սոցիոլոգի մասնագիտությունը, այսօր հատկապես ինչ խնդիր են լուծում սոցիոլոգները:

-Ի սկզբանե ակտիվ գործունեություն եմ իրականացրել` սկսած տարբեր թեմատիկ հարցերով հանրային քննարկումներ կազմակերպելուց, վերջացրած տարաբնույթ սոցիալական խնդիրների բարձրացմամբ ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ։ Այստեղից ձևավորվել են իմ հետաքրքրությունն ու նախասիրությունը` ընտրել մասնագիտություն, որն ինձ թույլ կտա վերլուծել հասարակության կառուցվածքը, դուրս բերել առկա միտումներն ու սոցիալական խնդիրները և ի վերջո նպաստել դրանց լուծմանը։ Սոցիոլոգիան գիտություն է, որն ինձ հնարավորություն է տվել ձևավորվել և կայանալ որպես հասարակության բժիշկ, որը կոչված է ախտորոշելու հասարակության կարևորագույն խնդիրների առաջացման պատճառները և դրանց հնարավոր ազդեցության հետևանքները։

-Հաճախ եք արտասահման մեկնում դասախոսությունների, ինչ է դա տալիս ձեզ, հատկապես ի՞նչն եք կարեւորում միջազգային հարթակներում հանդես գալիս:

-Հաճախ եմ դասախոսություններով հանդես գալիս «դրսի» համալսարաններում, ինչն ինձ համար նոր սոցիալ-մշակութային առանձնահատկությունների, ավանդույթների ու սովորույթների, ինչպես նաև ազգային ինքնության դրսևորումների դիտարկման ու վերլուծման լայն հնարավորություն է։ Միջազգային դասախոսություններիս ժամանակ օտարերկրյա ուսանողները հնարավորություն են ունենում ուսանելու իմ կողմից մշակված ուսումնական դասընթացները՝ ԶԼՄ սոցիոլոգիայից մինչև գենդերային հաղորդակցություններ, որը նպաստում է նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Այս գործընթացում կարևոր եմ համարում տարբեր ազգությունների ներկայացուցիչների համախմբումը միևնույն գիտության շուրջ։

– Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք՝ ինչի մասին է ձեր նոր` «Բրենդի կառավարում» գիրքը, ում համար է այն նախատեսված՝ ուսանողների՞, թե ձեռներեցների:

– Գիրքս բավականին երկար ճանապարհ է անցել: Այնտեղ ամփոփված են իմ մասնագիտական վերլուծությունները և փորձը, որոնք հաջողության յուրօրինակ ուղի են ներկայացնում։ Գիրքը բրենդ մենեջմենթի մասին է, ներկայացվում է ինչպես կառուցել հաջողակ և առաջատար բրենդ։ Այն ծառայելու է որպես ուսումնական ձեռնարկ ոչ միայն ուսանողների, այլև ոլորտի պրակտիկ մասնագետների համար։

– Ինչպե՞ս եք համատեղում դասախոսական, գիտական աշխատանքը ընտանիքի հետ, հե՞շտ է լինել մայրիկ եւ բազմազբաղ մարդ:

-Իսկապես դժվար է լինել բազմազբաղ մարդ և ընտանիքի մայր, սակայն ես այն երջանիկներից եմ, որը միայնակ չէ և ունի իր ընտանիքի աջակցությունը, ինչը հնարավորություն է ընձեռում մասնագիտական կարիերայում առաջ ընթանալ։

– Դասախոսական աշխատանքում հատկապես ինչն եք շեշտադրում:

– Դասախոսական գործունեությունում կարևորում եմ լսարանի հետ արդյունավետ հարաբերութունների ստեղծումը, ինչը ուղղակիորեն կապված է յուրաքանչյուր լսարանին համապատասխան դասավանդման մեթոդի ընտրության հետ։

– Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք, եթե այո, ո՞րն է ձեր հաջողության գրավականը:

– Այո, անշուշտ ինձ համարում եմ հաջողակ, քանի որ իմ առջև դրված մասնագիտական խնդիրները կարողանում եմ հաջողությամբ հաղթահարել և պլանավորել նոր նախագծեր։ Ինչպես նաև, իմ՝ որպես հաջողակ մարդու կայացման հիմնական նախապայմանը հոգատար ամուսին և երեխաներ ունենալն եմ համարում։ Իմ հաջողության գրավականը գնահատված լինելն է, ինչպես իմ ուսանողների կողմից, այնպես էլ գործընկերներիս միջավայրում։ Յուրաքանչյուր ուսանողիս գրանցած հաջողությունը իմ հերթական հաղթանակն է։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Շաքարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031