Կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին կորոնավիրուսի հետեւանքով հղի կին է մահացել: Aravot.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ 40-ամյա կինը մահացել է Երեւանի հիվանդանոցներից մեկում եւ ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաեւ մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. «Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումներին, կնոջ առողջական վիճակը շարունակել է վատանալ»:
Մեզ հետ զրույցում Ալինա Նիկողոսյանն ասաց, որ դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի առիթով կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով:
«Այդ ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է եւ չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասաց Ալինա Նիկողոսյանը:
Նախարարի մամուլի խոսնակից տեղեկացանք, որ սա կորոնավիրուսից հղի կնոջ մահվան թվով երկրորդ դեպքն է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ