Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ էի անում ժողովրդին, որ զինվեն եւ ինքնակազմակերպվեն, որովհետեւ ժողովուրդը պետք է կարողանա իրեն պաշտպանել». Վազգեն Մանուկյան

Դեկտեմբեր 14,2020 15:53

«Ես մինչեւ հիմա լրիվ չեմ հասկացել, թե ինչ է եղել, հետեւանքներն այնքան սարսափելի են: Այս խայտառակ եւ ամոթալի պարտությունը ինձ մոտ դառնություն է առաջացնում նաեւ այն պատճառով, որովհետեւ կարելի էր կանխել, այսպիսի բան կարող էր չլինել»,- մտավորականների ու մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ ավելի ուշ, բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք եւ մտցրինք պատերազմի մեջ: Եթե 2,5 տարի գոնե մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա…Ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի, խայտառակ մի համաձայնագիր, որը խախտել չենք կարող, որովհետեւ դրա հետեւանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են:

Համաձայնագիրը միայն մի դրական բան ունի, որ կանգնեցրեց մեր երիտասարդների կորուստը: Մյուս կողմից, եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Ադրբեջանի եւ Արցախի միջեւ, ինչու այդ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ»,-հավելեց նա:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի խոսքով. «Պատերազմի ժամանակ ոչ միայն մենք, այլեւ Ադրբեջանն էլ էր սպառվում, Ադրբեջանն էլ էր ցանկանում կանգնեցնել պատերազմը, քանի որ չէր կարող երկար շարունակել: Ու այդ պահը հասկանալով, եթե նորմալ ղեկավար ունենայինք, շատ մեծ քաղաքական առեւտուր կարող էր անել, բանակցությունների միջոցով փաստաթուղթն ուրիշ դարձնել»:

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաեւ դաշնակիցների ու հարեւանների հետ հարաբերությունները կառուցելուն` ներառյալ Իրանն ու Ռուսաստանը: «Երբ պատերազմը չի ավարտվել, կրակում են սահմանների վրա, կրակում են Արցախում,ու անհասկանալի է այն մարդկանց պահվածքը, որ հայտարարում են, թե պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Այդ մարդը երեւի մանկապարտեզ էլ չի գնացել, որովհետեւ մանկապարտեզից սկսած՝ բոլորը գիտեն, որ կռվի ժամանակ, եթե գնում ասում ես՝ պիտի իրար հետ հաշտվենք, դա կլինի երկրորդ կապիտուլյացիան»:

The united opposition candidate for the post of the Prime Minister Vazgen Manukyan is meeting with the Armenian intellectuals

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը խոսեց, թե ինչպես են հայ երիտասարդներով, որոնց մեջ նաեւ Վազգեն Մանուկյանն է եղել, 1967թ ապրիլի 23-ին Մոսկվայում թուրքական դեսպանության առաջ հայ մտավորականության կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույցին մասնակցել. «Վազգեն Մանուկյանն այդ ցույցի կազմակերպիչներից մեկն էր»:

Նրա խոսքով, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության մեջ է, երկրորդ հարվածը չի ուշանալու, եւ հայ ժողովուրդը նոր կորուստներ է կրելու. «Այսօրվա իշխանությունները վարվում եւ գործում են Գեբելսյան մտածողությամբ»:

Երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարց ուղղեց Վազգեն Մանուկյանին. «Քիչ առաջ վարչապետը հայտարարեց, որ եռօրյա սուգ է հայտարարվում եւ բնական է, որ բոլոր որդեկորույս ընտանիքները, մենք էլ մեծ սիրով միանալու ենք երթին՝ կիսելու համար այդ վիշտը, պետք է գնանք այդ սրբազան ճանապարհը անցնելու: Բայց շատ լավ ճանաչելով Փաշինյանին, գիտենք, որ դա նրա մանիպուլյատիվ զենքերից մեկն է, նա երթի բոլոր ներկաներին ներկայացնելու է որպես իր համակիրների…Դա հերթական անբարոյական քայլերից մեկն է, ուստի ի՞նչ տարբերակ կա, որպեսզի բոլոր փակ աչքերը բացվեն, որովհետեւ ուղղակի անհնար է անգամ այս ողբերգության վրա խաղալն ընկալելը»:

Նա նաեւ հետաքրքրվեց. «Հիմա բարեկիրթ լինելու ժամանակը չէ, որովհետեւ լուրեր են տարածվում, որ հենց հիմա Խնձորեսկն էլ են հանձնում, ամբողջ համացանցը նաեւ Ագարակի մասին է խոսում… Որքա՞ն են տեւելու բարեկիրթ հավաքները»:

Ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց. «Համաձայն եմ ձեզ հետ, որ այն ամենի տակ, ինչ անում է Նիկոլը, չկա սիրտ եւ զգացմունք, կա միայն մանիպուլյացիա ժողովրդի հետ, եւ ինքը մեծ շնորհք ունի այդ հարցում…Լավ կլիներ իրեն օգտագործեինք ուրիշ երկրում խնդիրներ լուծելու համար, քանի որ լավ մանիպուլյատոր է: Իսկ սգո օր, իհարկե, պետք է լինի: Բայց պատահական չէ, որ այն համընկնում է շաբաթ օրը մեծ հանրահավաքի հետ: Ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի, ինքս առանձին կգնամ, թեկուզ գիշերը, բայց ինձ թույլ չեմ տա իր կողքով քայլել»:

Ինչ վերաբերվում է Խնձորեսկին, այս մասին էլ ընդդիմության թեկնածուն հայտնեց. «Երեկ խորհուրդը հայտարարություն արեց, մեջը մի նախադասություն կար, շատերը որոշեցին, որ պետք չէ, հանեցինք: Այդ նախադասությամբ ես կոչ էի անում ժողովրդին, որ զինվեն եւ ինքնակազմակերպվեն, որովհետեւ ժողովուրդը պետք է կարողանա իրեն պաշտպանել: Մենք հիմա այն վիճակում ենք, որ չենք կարող անընդհատ դիմել պետությանը, իսկ պետությունը ոչինչ չանի: Թող մարդիկ զինվեն ու պաշտպանեն իրենց տները, մենք ապահովենք, որ բանակը չենթարկվի Նիկոլին այդ հարցում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031