Լրահոս
Օրվա լրահոսը

17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ. Գյումրիում բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը դասականի և ժամանակակից երկխոսությամբ

Դեկտեմբեր 14,2020 17:34

Ս․թ․ դեկտեմբերի 12-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում տեղի ունեցավ «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը։

Ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։ Ցուցադրությունը եզակի է նաև նրանով, որ դրսևորում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։ Այն համագործակցության հարթակ է ստեղծում հատկապես այն արվեստագետների համար, որոնք դեռևս կայացման փուլում են՝ հնարավորություն ընձեռելով նրանց մտնել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել  այն։

«Ցուցադրության առանցքում արվեստագետ – թանգարան, դասական – ժամանակակից արվեստ երկխոսությունն է։ Երկխոսության այս տեսակն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, չնայած որ բավականին արդիական է Եվրոպայում։ Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի  արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե դասական և  թև ժամանակակից»,- նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրությանը ներկայացված են նաև հայազգի արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։  Ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այն կշարունակվի մինչև 2021 թ-ի մայիսի 1-ը։

Արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաև առցանց՝ հետևելով «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին։

«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական ու ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի մոտ 350 կինոաֆիշներ: Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը  հետխորհրդային տարածքում:

 «Սթիլ» գրաֆիկայի թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031