Հայաստանը հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակից
Այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 10-ին Բաքվում, խիստ կարեւոր քաղաքական իրադարձություն է, որն, անկասկած, ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանում իրենց շահերի համար բավական տեսանելի պայքար մղող Ռուսաստանի ու Թուրքիայի հետագա քայլերի վրա:
Նախ, վերհիշենք դեկտեմբերի 10-ի օրվա խորհրդի մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե: Ինքնիշխան պետություն ունենալուն արցախցիների գրեթե 100 տոկոսն «Այո՛» էր ասել: Այդ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: 1991թ. դեկտեմբերը Խորհրդային Միության դե յուրե գոյության վերջին օրերն էին: Դեկտեմբերի 10-ին Անկախության իր հանրաքվեն անցկացրեց նաեւ Արցախը: Հանրաքվեին հետեւած երկու տասնյակ միջազգային դիտորդների եզրակացության մեջ ասվում էր, որ համաժողովրդական քվեարկությունն անցկացվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից «զինված ագրեսիայի պայմաններում»:
Բնականաբար, Թուրքիան ու Ադրբեջանը պատահական չէին ընտրել դեկտեմբերի 10-ի օրը… Անցյալ շաբաթ, դեկտեմբերի 10-ին Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում կայացավ թուրք-ադրբեջանական, այսպես կոչված՝ «Հաղթանակի շքերթը»։ Ադրբեջանցի զինվորականների հետ միասին դրան մասնակցեցին թուրք զինվորականներ, ըստ տեղեկությունների, խոսքը թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման մասին է՝ 2783 զինծառայող։ Հենց 2783 ադրբեջանցի զինծառայող է, ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների, սպանվել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Զորահանդեսին մասնակցեց մի քանի հազար զինվորական, շուրջ 150 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում հրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ռազմական շքերթի ընթացքում ցուցադրվեցին թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք առանցքային դերակատարություն ունեցան պատերազմում։ Ռազմական շքերթում հանվեց նաեւ պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զրահատեխնիկան։ Բաքվի փողոցներում շրջում էր բեռնատար մեքենա, որը ծածկված էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։
Կարդացեք նաև
Ռազմական շքերթը թուրք-ադրբեջանական միասնական միջոցառում էր, որը մեկնարկեց երկու երկրների հիմնով, հրապարակում ծածանվում էին երկու երկրների դրոշները: Միայն այն փաստը, որ թուրքական զորք էր Ադրբեջան բերվել՝ բավական է հասկանալու, որ Էրդողանի քայլն ուղղված էր մեր տարածաշրջանին ուշադրությամբ հետեւող պետություններին, եւ նախեւառաջ մեր տարածաշրջանում դերակատարություն ունեցող Ռուսաստանին:
Այսօր արդեն հստակ է՝ Թուրքիան չի բավարարվելու Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, Էրդողանը կանգ չի առնելու: Վստահաբար, պատահականություն չէր, որ ռազմական շքերթի պահին ունեցած իրենց ելույթներում Էրդողանն ու Ալիեւը բառ անգամ չասեցին պատերազմը դադարեցրած Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների մասին: Բաքվում ռազմական շքերթը թուրքական օրակարգի մի իրադարձություն էր, որով Էրդողանը ձգտում է ապացուցել, որ ինքն է Ադրբեջանի «տերը», եւ առհասարակ, Հարավային Կովկասում ինքն է որոշողը, խաղի կանոններ թելադրողը:
Ավելին, ռազմական շքերթում Էրդողանի կողմից որոշ ակնարկներ հեռուն գնացին, դրանք նույնիսկ Հայաստանին ռուսներից կտրելու փորձեր կարելի է համարել: Էրդողանի ինքնագործունեության աստիճանի այս բարձր նշաձողը ոչ միայն մարտահրավեր է Ռուսաստանի համար, այլ նույնիսկ Ալիեւի համար, որն այսօր Էրդողանի կամակատարն է, եւ ցանկացած պահի Էրդողանը կարող է նույնիսկ նրան գահընկեց անելու պլան էլ մշակել ու իրականացնել:
Էրդողանը դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքն է Ադրբեջանի «տերն ու տիրակալը», այսինք, Ադրբեջանը, որը մինչ այժմ Ռուսաստանի հետ ունեցել է սուվերեն հարաբերություններ, այսօր այլեւս այդպիսին չէ, սա արդեն անհերքելի իրողություն է: Նա նույնիսկ Հայաստանին էլ հասցրեց ուղերձներ հղել: Էրդողանի պնդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ «տարածաշրջանում անվտանգության հարթակ» ստեղծելու մասին Բաքվի նախաձեռնությանը, Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ընթացում, նախագահական օդանավում գտնվող լրագրողներին ասաց Էրդողանը՝ հավելելով. «Պարոն Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ իմ կարծիքն է հարցրել, ես ասացի, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը գաղափարը դրական է գնահատել, կարեւոր է, որ ես էլ տամ դրական գնահատական, այդ թեմայով նույնիսկ Վրաստանի հարցն է բերվել օրակարգ»: Նրա խոսքով՝ «եթե Հայաստանը միանա այդ հարթակին, ապա Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»:
Դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունները, որոնց ավարտին Էրդողանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Բաքուն եւ Անկարան պետք է ձեւավորեն տարածաշրջանում համագործակցության նոր՝ բազմակողմ հարթակ»: Այսպիսով, Էրդողանն արձանագրեց, որ Հայաստանից «վճռական քայլեր» է սպասում. «Եթե Հայաստանը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան կսկսվի»: Էրդողանն ակնարկեց, թե ինչ է ակնկալում ՀՀ իշխանությունից. «Հայաստանից սպասում ենք վճռական քայլեր: Ցանկանում ենք, որպեսզի հայերն ազատվեն սփյուռքի ճնշումից, թշնամության փոխարեն ցուցաբերեն բարիդրացիական հարաբերություններ: Եթե հայ ժողովուրդը եզրակացություններ անի Ղարաբաղում տեղի ունեցածից, դա կհանգեցնի տարածաշրջանում նոր ժամանակաշրջանի»:
Ի դեպ, Էրդողանի համոզմամբ՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Թուրքիայի նախագահը Երեւանին կոչ է արել ջանքեր գործադրել Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար՝ միեւնույն ժամանակ Հայաստանին սպառնացել «Ադրբեջանի երկաթյա բռունցքով», եթե շարունակի ագրեսիվ վարքագիծը Հարավային Կովկասում: Հայոց ցեղասպանությունը ժխտող Էդրողանը կարծիք է հայտնել, թե հայերը պետք է գիտակցեն, որ ոչնչի չեն հասնի գործելով Արեւմուտքի իմպերիալիստների ցուցումներով։
Այսպես, Էրդողանը հստակ հասկացնել տվեց, որ չի բացառում Հայաստանի հետ սահմանի բացումը: «Եթե տարածաշրջանային խաղաղությանն ուղղված դրական քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնվող դարպասները», Բաքվում, Ալիեւի հետ համատեղ ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանը՝ նշելով, որ «Հայաստանը պետք է խելքի գա»: Ալիեւի հետ առանձնազրույցից հետո Էրդողանը նաեւ նշել է. «Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք: Բոլոր խնդիրները Հայաստանի ղեկավարության հետ են»:
Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելով ռազմական գործողություններում, պատերազմական հանցագործությունները ղեկավարելով՝ Թուրքիայի ղեկավարն արդեն սկսել է ակնարկել, թե իբր ցանկություն չունեն Հայաստանի հետ մշտապես փակ պահելու սահմանները:
Հայաստանի հետ «խաղաղասիրական» այս ելույթները զավեշտալի չէին լինի, եթե ռազմական նույն շքերթում Էրդողանի կամակատար Ալիեւը չասեր. «Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Հակառակ դեպքում, այդ իրավիճակը՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, կարող էր շարունակվել եւս 30 տարի»: Ապա, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Ալիեւը հասավ նաեւ Հայաստանի տարածք, պնդելով՝ «Զանգեզուրը, Երեւանը, Սեւանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել»։ Սա Ադրբեջանի նախագահի առաջին հայտարարությունը չէ, նա արդեն մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, թե ՀՀ ներկայիս մայրաքաղաք Երեւանը «ստեղծվել է ադրբեջանական տարածքի վրա»:
Խիստ ուշագրավ է, որ պաշտոնական Երեւանը Ալիեւի եւ Էրդողանի «ռազմաշքերթային» ուղերձներին պատասխանեց վարչապետի մամլո քարտուղարի մակարդակով, դեկտեմբերի 10-ի երեկոյան, այն էլ «Արմենպրեսին» տված մեկնաբանությամբ:
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած «սադրիչ հայտարարությունները»: «Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում եւ նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը: Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը եւ ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման եւ փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց»: Վարչապետի մամլո խոսնակը նաեւ նշել էր, որ այդ հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն եւ դրույթներին:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա պաշտոնական Երեւանը սահմանափակվեց ընդամենը այսքանով. «Խիստ դատապարտելի է նաեւ Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսեւորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»: Հիշեցնենք, որ Էրդողանը ռազմական շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում ասել էր. «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:
Հայաստանի իշխանություններին արված Էրդողանի առաջարկների վերաբերյալ պաշտոնական Երեւանը մինչ այժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Ի՞նչ է նշանակում այս լռությունը… Նկատվում է Երեւան-Անկարա մակարդակով ինչ-որ գործընթացներ են խմորվում:
Ուշագրավ է, որ դեկտեմբերի 7-ին NEWS.am-ին տված հարցազրույցում Արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը մի տեղեկություն հայտնեց, որը մինչ այժմ չի հերքվել ՀՀ իշխանությունների կողմից: Շահնազարյանն ասել է, որ 2018-ից մինչեւ այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շփումներ են ունեցել Թուրքիայի պաշտոնյանների հետ։ «Փաշինյանի էմիսարներն այդ շփումներն ունեցել են սեպտեմբերի 27-ից օրեր առաջ եւ նույնիսկ պատերազմի ժամանակ։ Առայժմ մանրամասն բացահայտումներ չեմ անի, բայց մոտ ապագայում կխոսեմ նաեւ դրա մասին։ Ընդամենը մի փաստ ներկայացնեմ. անցյալ տարի Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Շիրակը պետք է ազատ տնտեսական գոտի լինի, իսրայելական մի ընկերություն պետք է դա սպասարկեր, այնտեղ մեծ մաքսատուն կառուցվեց, այն պատրվակով, որ ավտոմեքենաների մեծ ներկրում կա, բավականին մեծ ծախսեր արվեցին, ինձ կարո՞ղ եք ասել՝ Շիրակը ի՞նչ ազատ տնտեսական գոտի կարող է լինել, որովհետեւ այնտեղ ընդհանրապես հաղորդակցություն չկա, Շիրակը տարանցիկ տեղ չէ։ Սա այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների օրոք Սյունիքն էր ազատ տնտեսական գոտի հայտարարվել, բավական էֆեկտիվ էլ գործում էր Իրանի հետ։ Այսինքն՝ այն ժամանակվանից գիտեին, որ Թուրքիայի հետ պետք է սահմաններ բացվեն, այլ բացատրություն գոյություն չունի, որովհետեւ աշխարհագրական իմաստով այնտեղ որեւէ կոմունիկացիա Հայաստանից դուրս չկա, միակ ճանապարհը Ջավախք գնացողն է», նկատել էր Շահնազարյանը։
Այս հայտարարությունից մեկ օր անց, Բաքվում ռազմական շքերթից 2 օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ խորհրդարանի ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ելույթն էլ, թերեւս, պատահական չէր, երբ ասաց. «Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի: Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Իհարկե, չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական եւ բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»:
Երկու օր անց Էրդողանն ու Ալիեւնը Բաքվից իրենց ուղերձներով պատասխանեցին պաշտոնական Երեւանին: Այժմ չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպես է գործելու Հայաստանը առաջիկա շաբաթներին: Հայաստանը հրաժարվո՞ւմ է Արցախի հովանավորի, անվտանգության երաշխավորի իր կարգավիճակից, կամ՝ կորցրե՞լ է այդ դերը, թե՞ ամեն ինչ թողնում է ռուսների ուսերին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների հաստատման է գնալու:
Շարունակությունը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ