Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը

Դեկտեմբեր 14,2020 14:05

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։

ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ու Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում։ Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Այդ նպատակով դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը։

Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում Աբբաս Բադախշան Զոհուրին, մասնավորապես, մատնանշել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտները:

Իր խոսքում ԻԻՀ դեսպանն ընդգծել է երկու երկրների տնտեսության ոլորտում գործարար կապերի ամրապնդման, ճանաչողական և փորձի փոխանակման  նպատակով գործարար շրջանակների համար ցուցահանդեսների կազմակերպման, շահագրգիռ կողմերի միջև տեսակոնֆերանսների անցկացման անհրաժեշտությունը: Երկուստեք շեշտվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։

Նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում` ԻԻՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:

Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորինս նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031