ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գործով նիստն ավարտվեց: Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ 11.00-ին:
«Հուսով եմ, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի դեմ «կազմակերպված մահափորձի» գործով: Այս գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին եւ ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին: Մեղադրանքն առաջադրվել է ԱԱԾ-ի հրապարակած հեռախոսազրույցի ձայնագրության հիման վրա:
Ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր համարել այս գործով ձերբակալությունները: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
«Բողոք բերողները եւ մեղադրանք ներկայացնողները պարզապես ժամավաճառությամբ են զբաղված: Սա քաղաքական հետապնդում է եւ ես դատարանում, իմ ելույթում ասել եմ դրա մասին: Հուսով եմ, դատարանը կտա իր արդարացի գնահատականը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նիստի ընթացքում այսօր դատարանի մոտ էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ, Վահրամ Բաղդասարյանի մտերիմներն ու համակիրները: ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախերի եւ հոգեվարքի մեջ է եւ փորձում է ձերբակալություններով, կալանավորումներով, ռեպրեսիաներով՝ ՀՀ առողջ հատվածին, ազգային հատվածին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, հետ պահել վճռական պայքարից: Դա իրեն չի հաջողվելու: Անկախ նրանից՝ կկալանավորվենք, կձերբակալվենք, թե կլինենք ազատության մեջ, ինքը հեռանալու է, որովհետեւ ինքը հողատու է: Կապիտուլյացիա, պարտություն բերած ղեկավարը պետք է հեռանա: Ինքը պարտության խորհրդանիշ է»:
Իսկ դատարանից Էդուարդ Շարմազանովն ակնկալում է, որ պաշտպանի ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, ոչ թե «հողատուի հանձնարարականներով առաջնորդվի». «Իսկ Նիկոլը պետք է հեռանա՝ ուզի թե, ոչ, իրեն հրաժարական ենք պարտադրելու, որքան էլ աննպատակ լայվեր մտնի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ