«100 տարի անց ռուս-թուրքական բազարում հայտնվեցինք որպես ապրանք: 100 տարի անց Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ եւ դավաճանական արարքով Ռուսաստանը կարողացավ տարածաշրջան մտնել խաղաղապահներով: Նրանց նպատակը մեկն է՝ դաշնակցելով Թուրքիայի հետ, որից հաստատ վախենում է, բազար անել Էրդողանի հետ, թեեւ պանթյուրքիզմն իր համար էլ է մեծ վտանգ»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման առիթով հավաքի ընթացքում այսօր հայտարարեց «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ, արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների մասնակից Վահան Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ օրերս ոտնձգություն եղավ Հադրութի երկու գյուղերի հանդեպ. «Սա հրադադարի համաձայնագրի առաջին խախտումն էր Ադրբեջանի կողմից: Մեր զորքը տեղում էր: Ունենք վեց վիրավոր, իննի ճակատագիրն անհայտ է: Հավանաբար, գերի են վերցրել կամ սպանել են, դեռ չգիտենք: Ռուսների հետ երկար բանակցելուց հետո նրանք անցակետ դրեցին: Բայց Մուրադովն այնտեղ չէր, Մոսկվայում էր: Երեկ համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը ճաշի է հրավիրել Մուրադովին: Սա պատահական չէ: Ահա ռուսի ձեռագիրը»:
Կարդացեք նաև
Դառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Վահան Բադասյանը պատմեց. «Առաջին իսկ օրից երեւացել է նրա դավաճանական արարքը, ռազմական գործից չհասկանալը, ռազմական գործին տիրապետող գեներալիտետի նշանակումը պաշտոններում, որոնք ոչ պրոֆեսիոնալ էին վարում մարտերը: 44 օրում դժվա՞ր էր ԱԹՍ գնել: Փող էր պետք, բայց ժողովուրդն այդքան փող էր հավաքել, իսկ նա որոշեց, որ կառավարությունն այն ծախսի, որ պարգեւավճարներ բաժանվեն: ՀՀ-ից եկած կամավորներով էլ տեղի զորքը չհամալրեցին: Բացի դա, ես խոստացել էի, որ դատախազություն եմ դիմելու:
Խոշոր հանցագործություն է սխալ զենքի գնումը: Ինչո՞ւ «ՍՈՒ»-երը չմասնակցեցին պատերազմին: Պատճառաբանում են, թե օդաչու չունեն: Բա ինչո՞ւ եք առել: Իսկ իրական պատճառն այն է, որ հրթիռներ չեն ունեցել: Դա քննությունը կպարզի: 200 միլիոն դոլարով կարելի էր 30-40 ԱԹՍ գնել եւ դրանց 10000 հրթիռները: Ադրբեջանը մեզ հաղթեց 20 «Բայրաքթար»-ով եւ 6000 հրթիռով: Սա Փաշինյանի երկրորդ հանցագործությունն է»:
Վահան Բադասյանի խոսքով. «Ռուսաստանը Փաշինյանին ստիպում է երրորդ հանցանքը կատարել՝ ստորագրել փաստաթուղթ Թուրքիայի հետ, որպեսզի ճանաչեն Թուրքիայի սահմանները, իսկ դա վերջակետ է դնելու հարյուր տարի առաջ Թուրքիայի գործած ցեղասպանության պահանջատիրությանը, եւ Ադրբեջանի սահմանները, որը վերջակետ է դնում Արցախը հետ բերելու մեր հույսերին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ