Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցների բաց մնալու օգուտները շատ ավելին են, քան դրանց փակման ծախսերը». ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում դպրոցների վերաբացումը դարձնել առաջնահերթություն

Դեկտեմբեր 14,2020 13:18

Կորոնավիրուսով պայմանավորված՝ դպրոցների փակման հետևանքով տուժած դպրոցականների թիվը նոյեմբերին 38 տոկոսով աճել է՝ համաշխարհային մասշտաբով, զգալիորեն ազդելով լրացուցիչ 90 միլիոն աշակերտների ուսման առաջընթացի և բարեկեցության վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, դեկտեմբերի 5-ին աշխարհում ամեն 5 դպրոցականից 1-ի (կամ գրեթե 320 մլն դպրոցականի) ուսումնական հաստատությունը չի գործել, ինչը գրեթե 90 միլիոնով ավել է նոյեմբերի 1-ին գրանցված ցուցանիշից՝ 232 միլիոն: Հոկտեմբերին դպրոցների փակման հետևանքով տուժած դպրոցականների թիվը գրեթե եռապատկվել է:

«Չնայած այն ամենին, ինչ գիտենք համայնքներում վարակի տարածման գործում դպրոցների դերի և երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու համար անհրաժեշտ քայլերի մասին, մենք գնում ենք սխալ ուղղությամբ, և դա անում ենք բավականին արագ», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը (Robert Jenkins): «Փաստերը ցույց են տալիս, որ այս համավարակի տարածման հիմնական շարժիչները դպրոցները չեն: Այնուամենայնիվ, կառավարությունները կրկին փակում են դպրոցները՝ որպես կանխարգելման առաջնային, այլ ոչ թե վերջին միջոց: Որոշ դեպքերում դա արվում է պետության մասշտաբով, այլ ոչ թե համայնքի, և երեխաները շարունակում են կրել փակ դպրոցների կործանարար ազդեցությունն ուսման, մտավոր և ֆիզիկական բարեկեցության և անվտանգության վրա»:

Դպրոցները փակվելու դեպքում վտանգվում է երեխաների ուսումը, աջակցության համակարգը, սննդամատակարարումն ու անվտանգությունը։ Ամենաշատը տուժում են խոցելի երեխաները, որոնք կարող են ընդմիշտ դուրս մնալ ուսման համակարգից։ Հաշվի առնելով, որ միլիոնավոր երեխաներ ավելի քան ինը ամիս դպրոց չեն հաճախում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ դպրոցները կորոնավիրուսից պաշտպանելու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխարեն փակվում են։

191 երկրից տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դպրոցների բաց կամ փակ լինելը կապ չունի վարակակիրների թվի աճի հետ: Քանի որ բավարար ապացույցներ չկան, որ դպրոցները նպաստում են վարակի ավելի արագ տարածմանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է դպրոցների վերաբացումը դարձնել առաջնահերթություն, միջոցներ ձեռնարկել դրանք հնարավորինս անվտանգ դարձնելու համար:

Դպրոցների վերաբացման ծրագրերը պետք է կրթությունը, այդ թվում հեռավար, դարձնեն ավելի հասանելի: Կրթական համակարգերը նույնպես պետք է համապատասխանեցվեն և կառուցվեն այնպես, որ դրանք դիմակայեն գալիք ճգնաժամերին:

Դպրոցների վերաբացման ուղեցույցը, որը թողարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի Համաշխարհային Ծրագրի և Համաշխարհային Բանկի հետ համատեղ, գործնական խորհուրդներ է առաջարկում ազգային և տեղական իշխանություններին: Ուղեցույցի առանցքում քաղաքականության բարեփոխումներն են, ֆինանսավորման պահանջները, անվտանգ գործունեությունը, բաց թողածը լրացնելու անհրաժեշտությունը, բարեկեցությունը, ինչպես նաև խոցելի երեխաների պաշտպանությունն ու նրանց ներառումը կրթության մեջ:

«Այն, ինչ մենք սովորել ենք կրթության մասին կորոնավիրուսի ժամանակ, պարզ է. դպրոցների բաց մնալու օգուտները շատ ավելին են, քան դրանց փակման ծախսերը, իսկ երկրի մասշտաբով դպրոցների փակումից ամեն գնով պետք է խուսափել», – ավելացրել է Ջենքինսը:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031