Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստելու եւ թաքցնելու լիմիտը սպառվել է

Դեկտեմբեր 14,2020 11:53

Երբ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը իշխանություններն ասում էին՝ «խուճապ մի՛ տարածեք եւ առաջնորդվե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությամբ», մենք այդպես էլ անում էինք: Այս ընթացքում նրանք ինչ ստեր ասես՝ փչել են, եւ մենք էլ այդ ստերը կրկնել ենք՝ մեր զորքին չվնասելու նկատառումից ելնելով: Հաշվի առնելով այդ ամենը, հրադադարից հետո նույնատիպ կոչերը տարօրինակ են հնչում, եւ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները չեն ուզում բացահայտել ողջ աղետալի ճշմարտությունը:

Լավ, փորձենք առաջնորդվել պաշտոնական լրատվությամբ: Ավելի պաշտոնական, քան վարչապետի ելույթը անվտանգության խորհրդի նիստում, չի կարող լինել: «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում պետք է որոշումներ կայացնենք, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների հետ», – ասել է նա: Դա, ըստ ամենայնի, նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է առաջանան առնվազն մինչեւ այն գիծը, որը ժամանակին համարվում էր Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ սահմանը (որն, ի դեպ, պետական սահման չէր եւ միջազգային կարգավիճակ չուներ), կամ այն գիծը, որը նախանշում են GPS-ը կամ Google-ը: Իշխանությունը պետք է հստակ եւ առանց «ֆռիկների» ասի, թե ինչ է դա նշանակում Գորիս-Կապան մայրուղու, ինչպես Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի բնակչության համար: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Ալիեւը, դատելով իր ելույթներից, Զանգեզուրը չի համարում ՀՀ ինքնիշխան տարածք:

Արցախի իշխանությունները (եթե այդպիսիք կան) պետք է նույնքան հստակ ասեն՝ թե ինչ պիտի անեն Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի բնակիչները: Բայց ասեն ճշմարտությունը, ոչ թե ստեն, ինչպես ստում էին, երբ ասում էին, որ Բերձորը մնալու է հայկական քաղաք: Չէ՞ որ դա այնպիսի սուտ չէ, որը հնարավոր է երկար ժամանակ չբացահայտել: Պատերազմի ժամանակ նրանք մեծ վստահություն են ունեցել WarGonzo-ի հանդեպ: Այդ դեպքում արդյոք ճի՞շտ է այդ տելեգրամ-ալիքի այն տեղեկատվությունը, որ «Բայրաքթարը» հայտնվել է Ստեփանակերտի օդում:

Եվ պետք չէ ամբողջ հույսը դնել ռուս խաղաղապահների վրա: Եթե նույնիսկ նրանք իդեալական իրականացնեն իրենց ծառայությունը, միեւնույն է, հայկական երկու պետությունների շատ վատ աշխատանքի (կամ, ավելի շուտ, չգոյության) պայմաններում ադրբեջանական կողմը մշտապես առավելություն է ունենալու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031