Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելված զենքերի օգտագործումը խիստ դատապարտելի համարող Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը վստահեցրեց՝ դրանք շոշափելի փաստեր են՝ ներկայացնելու միջազգային արդարադատությանը

Դեկտեմբեր 14,2020 10:37

Ֆրանսիայի  Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը՝ գլխավորությամբ կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորի, դեկտեմբերի 7-ին այցելեց Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում էին պատգամավոր Իզաբել Սանդիագոն, սենատորներ Ժիլբեր-Լյուք Տվինազը, Մարի-Արլեթ Քարլոթթին և կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ժան-Մարք Ժերմեն: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի պատասխանատուն:

Պատվիրակությունը այցելեց Ստեփանակերտի ՀՅԴ գրասենյակ եւ հանդիպում ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ:

Հանդիպումն անցավ կառուցողական և երկուստեք անկեղծ մթնոլորտում: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի իր պաշտոնակցին, որը պատերազմից հետո եղավ ֆրանսիացի առաջին ղեկավարը, որ այցելեց Արցախ, ինչը լավագույն ապացույցն է արցախյան հիմնախնդրում սոցիալիստական կուսակցության լուրջ ու անկեղծ տրամադրության և հաստատակամության:

Օլիվիե Ֆորը պատվիրակության անունից ընդգծեց, որ իր կուսակցությունը հանձնառու է ամեն գնով աշխատել, որ Ֆրանսիայի կառավարությունը ճիգ չխնայի Արցախի բնակչության ապահովության բարելավման, ինչպես նաև՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար:

Երկու կուսակցությունների ղեկավարները շեշտեցին արցախյան հիմնախնդրի լուծումը բացառապես Մինսկի խմբի շրջանակում և  ընդգծեցին Ֆրանսիայի՝ իբրև համանախագահի, ավելի աշխույժ դերակատարության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ֆրանսիայի երաշխավորությունը՝ բնակչության անվտանգության և հայկական մշակութային կոթողների ու հարստության պահպանման գծով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին և Ազգային Ժողովին, որ զորավիգ կանգնեցին Արցախի անկախության ճանաչմանը և կառավարությունից պահանջեցին, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի այն: Ի պատասխան, Օլիվիե Ֆորը հայտնեց, որ սոցիալիստական կուսակցությունն այս ուղղությամբ շարունակելու է լուրջ աշխատանք տանել, ինչի լավագույն ապացույցն է իրենց ընթացիկ պատմական այցելությունը Արցախ՝ հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակահատվածում:

Սոցիալիստական կուսակցությունն իր խորին մտահոգությունը հայտնեց նաև արցախյան հիմնախնդրում տարբեր հաշվարկներով առաջնորդվող նոր ուժերի ուղղակի միջամտության առթիվ, ինչն ավելի է բարդացնում խնդիրը:

Պատվիրակության անդամները դատապարտեցին նաև պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորված բռնությունը, որոնք մարդկային ծանր կորուստների պատճառ են դարձել: Ադրբեջանական կողմից ֆոսֆորային արգելված զենքերի օգտագործումը, պատերազմական միջազգային համաձայնագրերի պայմանները խախտող անօդաչու սարքերի օգտագործման եղանակը խիստ դատապարտելի համարող պատվիրակությունը վստահեցրեց, որ սրանք շոշափելի փաստեր են՝ ներկայացնելու համար միջազգային արդարադատությանը։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ երկու կողմերը գործնական աշխատանք  տանեն այս ուղղությամբ:

Հանդիպման ավարտին, ՀՅԴ-ն և Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցությունը համաձայնեցին իրենց արդեն իսկ գոյություն ունեցող երկարամյա սերտ հարաբերությունն ու գործակցությունը ներկա հանգրվանում առավել ամրապնդել ու խորացնել:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031