Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի կարգավիճակի հաստատումը, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան

Դեկտեմբեր 14,2020 16:40

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների՝ տարածաշրջան այցելելու օրերին:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031