Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունը, որ իրավահաջորդն է իր նախորդների, պարտավոր է փոխհատուցել իմ վնասները»

Դեկտեմբեր 14,2020 13:30
zenq

Կիսաբաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ավիկ Օհանյանը «Առավոտի»՝ «Աղքատ կենցաղ եւ խոցելի հոգեւոր կյանք ունեցող ժողովուրդը չի կարող ունենալ հզոր բանակ. Հզորությունը հարաբերական է» (2008թ. փետրվարի 23) հրապարակմամբ բարձրաձայնել էր բանակի, իր կողմից հիմնադրած փամփուշտների արտադրության ոդիսականի մասին: Ստորեւ տպագրում ենք նրա նամակը՝ նույն հարցի վերաբերյալ վերջին երկուսուկես տարվա զարգացումների շուրջ:

«2018 թ. ապրիլյան հեղափոխությունից անմիջապես հետո դուք մի քանի անգամ հայտարարեցիք, որ կլուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք նախկին իշխանությունների օրոք լուծում չեն ստացել:

Ակնկալելով, որ ինձ փոխհատուցելու խնդիրը`կապված փամփուշտի արտադրության հետ, որը կազմակերպել եմ ես, երբ համակարգում էի ռազմարդյունաբերության ոլորտը`1992-1995թթ., մեծ մասամբ իմ միջոցներով, իմ նախաձեռնությամբ, վերջապես լուծում կարող է ստանալ:
2018թ. հունիսին հասցեագրեցի ձեզ` «անձամբ վարչապետին» մակագրությումբ` կից փաստաթղթերով: Ակնարկել էի, որ 2007 թվականին արածս գործը երկրորդ անգամ դարձավ գործարքի առարկա, օտարվեց շուրջ 6 միլիարդ դրամով:

Կառավարության նամակների բաժնից գրությունը հասցեագրվեց Նաիրի Սարգսյանին, նա խոստացավ ուսումնասիրել եւ ներկայացնել վարչապետին: Մի քանի օր հետո Նաիրին ասաց, որ գրությունը կից փաստաթղթերով Արփինե Դավոյանի մոտ է, եկավ տարավ: Նոր էր ձեւավորվել կառավարությունը, եւ աշխատակազմի ներսում, փաստորեն, տեղի ունեցավ «անձամբ վարչապետին» մակագրությամբ նամակի տեղաշարժման, կանոնակարգի համաձայն ձեւավորված երթուղու խաթարում: Այնուհետեւ ինձ զանգահարեց կոռուպցիայի կանխարգելման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը եւ առաջարկեց հանդիպում: Հանդիպեցինք իր առանձնասենյակում: Սա այլ թեմա է, ես դրան կանդրադառնամ մի ուրիշ անգամ, այլ կերպ:

Իմ ցանկությունն էր, որ գրությունը կից փաստաթղթերով ներկայացվի վարչապետին: Անկեղծ ասած, իմ մեջ համոզմունք կար, որ դուք դրական լուծում կտաք ինձ փոխհատուցելու խնդրին: Եվ հնարավոր է, որ այդպես էլ լիներ, եթե ձեր ճարպիկ օգնականների միջավայրում գրությունը չանհետանար…

Դիմեցի պետական վերահսկողական ծառայություն, որտեղ խնդիրը հանգամանորեն ուսումնասիրվեց եւ քննարկվեց Պաշտպանության նախարարության հետ:

Արդյունքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գրավոր առաջարկություն ներկայացրեց կառավարությունստեղծել կառավարական հանձնաժողով՝Ավիկ Օհանյանին փոխհատուցելու խնդիրը քննարկելու համար:

Ձեր հանձնարարականով ձեւավորվեց կառավարական միջգերատեսչական աշխատանքային խումբ, հետեւյալ աշխատակազմով.
1.Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ,
2.Ֆինանսների նախարարություն,
3.Էկոնոմիկայի նախարարություն,
4.Արդարադատության նախարարություն,
5.Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որը համակարգում էր այս աշխատանքային խումբը,
6.Պետվերահսկողության ծառայության ներկայացուցիչ:

Ինձ փոխհատուցելու խնդիրը վերջապես հայտնվեց պետաիրավական դաշտում: Աշխատանքային խումբը 2019թ. սեպտեմբերից սկսած հանգամանորեն ուսումնասիրեց խնդիրը, կազմակերպեց լսումներ իմ գործունեության տարիներին պետական պատասխանատուների կողմից: Նիստերի ժամանակ ամրագրեց նրանց գրավոր վկայությունները` խնդրո առարկա հարցի վերաբերյալ:

2020թ. հունվարի 18-ին տեղի ունեցավ չորրորդ ամփոփիչ նիստը եւ ձեւավորվեց փաստաթուղթ բոլոր ներկայացուցիչների ստորագրությամբ, որտեղ արձանագրված էր՝ փոխհատուցել Ավիկ Օհանյանի վնասները 3 սենյականոց բնակարանի տեսքով կամ դրան համարժեք գումարով: (Հետագայում, երբ այս որոշումը խնդրեցի, մերժեցին ինձ տրամադրել, ասելով` պետական գաղտնիք է):

Պարոն վարչապետ, այս նվազագույն փոխհատուցման վերաբերյալ պետականորեն ձեւավորված որոշում-խորհուրդը դուք չեղարկեցիք սառնասրտորեն, պատճառաբանելով, որ աշխատանքային խմբի որոշումն ունի խորհրդատվական բնույթ եւ բացակայում են իրավական հիմքերը: Նախ, ասեմ, որ ձեր նախորդներին ու ձեզ հասցեագրված գրություններում ես նշել եմ, որ արտապայմանագրային ծախսերի վերաբերյալ ես իրավական հիմքեր չունեմ եւ չէի կարող ունենալ: Եթե փորձեի ունենալ, ապա 9 վագոն, 25 միլիոն դոլար արժողությամբ բեռը հանրապետություն չէր մտնելու: Ինձ կասեին`«Դու ով ես, թող գնա այստեղից»:

Գործը արված է: Մեր պետությունն ունեցավ հզոր մի արտադրություն. ընդամենը 110 000 դոլարով, որից 75 000 դոլարի կանխիկ մասը ես եմ հայթայթել պարտքով: Եվ քննարկման առարկա դարձնել ինձ փոխհատուցելու խնդիրը, լուրջ չէ` մեղմ ասած:

Այսօրվա իշխանությունը, որ իրավահաջորդն է իր նախորդների, պարտավոր է փոխհատուցել իմ վնասները: Դեպքը բացառիկ է եւ պահանջում է բացառիկ վերաբերմունք: Ի՞նչ ուսումնասիրության արդյունքում չեղարկեցիք վարչապետի միակ գործիքակազմը հանդիսացող միջգերատեսչական աշխատանքային խմբի որոշումը՝ հասկանալի չէ: Ենթադրում եմ, որ ունեք առանձնահատուկ վերաբերմունք ազգայնական դրսեւորումների հանդեպ: Ակնհայտ է, որ խախտվել է քննարկվող խնդրի վերաբերյալ պետական կառավարման գործառույթի տրամաբանական ավարտը: Անկախության 29-րդ տարվա առթիվ ձեր ելույթում արժեւորեցիք ժողովրդի մաս կազմող անհատի դրսեւորումները պետության հարատևման խնդրում, շրջանցեցիք այն հանգամանքը, որ արածս գործը նույնպես անհատական ջանքերի դրսեւորում է:

1994 թվականին արդյունաբերության նախարարի հրամանով ինձ պարգեւատրեցին 1000 դրամով` տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու համար: Առկա է նման փաստաթուղթ: Եվ եթե թերթենք մեր անկախ պետության 29 տարվա կենսագրությունը, ապա վստահ չեմ, որ կգտնվի էլ ուրիշ մեկը, ով իրեն վստահված ոլորտը զարգացնելու համար զոհաբերել է իր բնակարանը նաեւ:

1988-ին, երբ իմ մարտական ընկերներ Աշոտ Ղուլյանի`Բեկորի, Լեոնիդ Ազգալդյանի հետ միասին փորձեր էինք անում զենք-զինամթերք արտադրել, երազում էինք փամփուշտի լիարժեք արտադրություն ունենալ:

1992-ին նրանք, ցավոք, զոհվեցին: Եվ նրանց հիշատակն է, որ ինձ մղեց կյանքի կոչել մեր երազանքը: Եթե այն ժամանակվա իշխանության գործադիր հատվածն ինձ հետ համաչափ աշխատեր, ապա փամփուշտը կսկսեինք արտադրել 1993-ի մարտից սկսած: Եվ կկանխվեր, թերեւս, տասնյակ նվիրյալների զոհվելը, որը փամփուշտի պակասության հետեւանք էր նաեւ եւ չէր ծագի բնակարան զոհաբերելու անհրաժեշտություն:

Ապրում ենք բարդ եւ վտանգավոր աշխարհաքաղաքական միջավայրում: Եվ ես շատ բարձր ձայնով ասում եմ. պետականության հանդեպ առողջ մղումներ ունեցող տեսակ «սպանելը» աններելի շռայլություն է, ավելին` հակազգային, հետեւաբար, հակապետական դրսեւորում է:
Այսքան, առայժմ»:

Ավիկ ՕՀԱՆՅԱՆ

Նամակագրի տվյալները խմբագրությունում են:

«Առավոտ» օրաթերթ
12.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031